ԱՆՏԱՇԱՏ
(Տուրիստական ուղեցույց)
Նշանակությունը: Բնակավայր-մեհյան, բնակավայր-մեկուսարան, բնակավայր-ուխտատեղի:
Տեսակը: Քաղաք:
Բնույթը: Շրջիկ քաղաք (այսպիսի քաղաքները կարող են փոխել իրենց դիրքը ժամանակի և տարածության մեջ):
Հիմնադրումը: Քաղաքը միևնույն տեղում վերահիմնադրվել է 5 անգամ, հավանաբար՝ միմյանց մասին անտեղյակ տարբեր մարդկանց կողմից: Նրա նախկին 4 շերտերը բացահայտվել են 5-րդ անգամ հիմնադրվելուց հետո: Չի բացառվում, որ այդ բացահայտումներն էլ վերջնական չեն: Զարմանալիորեն հիմնադիրներից և ոչ մեկը քաղաքում չի թաղվել: Մի առասպելում ասվում է, որ նրանք բոլորն էլ եկել են գարնան առաջին անձրևից հետո և անհետացել նույնպես այդ ժամանակ:
Խորհրդանիշը: Հատկանշական է, որ քաղաքի բոլոր շերտերում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշների, կենցաղում օգտագործվող իրերի, հագուստի ձևավորման և տեղի ճարտարապետության
հիմնարար տարրերը խմբավորվում են հետևյալ 3 ընդհանրական սիմվոլների մեջ, որոնք մասնագետների գնահատմամբ` խորհրդանշում են կենսական էներգիայի արական, իգական և մայրական ձևերը, նրանց փոխազդեցությունը միմյանց և նախաստեղծ ջրի հետ:
արական --------- մայրական ----------- իգական
Աշխարհագրական դիրքը: Վերջին 12.000 տարիներին գտնվել է Հայկական լեռնաշխարհում:
Կոորդինատները: Բնակավայրը հիմնականում ընդունված է տեղորոշել հետևյալ 5 կետերի միջակայքում`
39°42′ 11.12″N
44°18′12.93″ E
5089m
38°30′09.81″N
43°20′26.26″E
1700m
40°30′08.88″N
43°34′00.97″E
1490m
41°05′37.54″N
44°42′44.15″E
1015m
40°08′59.56″N
44°30′32.09″E
959m
Վարչատարածքային բաժանումը: Վարչական բաժանումը կատարված է ուղղահայաց (վարից վեր կամ վերից վար) սկզբունքով, ուստի քաղաքի պայմանական 5 վարչական միավորները տեղակայված են անմիջականորեն միմյանց վրա:
Քաղաքապետը: Քաղաքում ժողովրդավարական ինստիտուտները զարգացած չեն և մինչ օրս սա նշանակովի պաշտոն է, սակայն ով, երբ և ինչ սկզբունքով է նշանակում քաղաքապետերին` գաղտնիք է նույնիսկ նշանակվողների համար:
Առաջին հիշատակությունը: Յուրաքանչյուր հիմնադրումից հետո ժամանակի արտահայտչամիջոցներով քաղաքի մասին գրավոր վկայություններ են թողնվել, սակայն դրանցից և ոչ մեկը լիարժեք չի պահպանվել: Այս գիրքը քաղաքին առնչվող թվով 5-րդ գրավոր արձանագրությունն է, որը նաև ամփոփում է նախկին արձանագրություններից պահպանված մասունքները:
Կլիման: Երբ սկսվում է անձրևների սեզոնը, հիմնականում գարնան առաջին անձրև է գալիս: Ձմեռն իր ծայրահեղ սաստկությանն է հասնում փետրվարին, երբ ամբողջ բուսական և կենդանական աշխարհը մահանում է: Այդ պատճառով էվոլյուցիան անտաշատում ստեղծել է տեսակների պահպանության յուրահատուկ մեխանիզմ: Ջուրն անձրևների սեզոնի ընթացքում հիշողություններ է հավաքում կենդանի տեսակների մասին և պահպանում դրանք ամբողջ ձմեռ, իսկ գարնան գալստյան հետ դրանք նորից փոխանցում է անկենդան նյութին: Քանի որ ամբողջ ձմեռվա ընթացքում ջուրը երազներ է տեսնում, ապա արթնանալուց հետո հաճախ շփոթում է դրանք նախորդ տարվանից մնացած հիշողությունների հետ: Այս պատճառով անտաշատում կենդանական և բուսական աշխարհն ամեն տարի զգալիորեն տարբերվում է նախկինում եղածներից և հետո լինելիքներից: Մասնագետների գնահատմամբ` սա Էվոլյուցիայի բարձրագույն դրսևորումն է, և Երկրի վրա վաղ թե ուշ սպասվող համաշխարհային աղետին դիմակայելու ընդունակ առայժմ միակ կենսահամակարգը:
Վիզային ռեժիմը: Աշխարհով մեկ գոյություն ունեն անտաշատի հազարավոր տուրիստական նշանակության նմանակներ, որտեղ բազմաթիվ վճարովի ծառայություններ են գործում: Դրանք բոլորն էլ, ըստ էության, շահույթ ստանալու նպատակով են ստեղծված: Նմանակներից շատերը նույնիսկ հավակնում են իրական համարվելու և ունեն դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Սակայն իրական անտաշատը մեկն է, և նա ինքն է ձեզ գտնում, եթե կա դրա անհրաժեշտությունը:
Հասարակական կյանքը: Անտաշատի յուրաքանչյուր բնակիչ նրա միակ բնակիչն է:
Բնակչությունը: ▲ Նախորդ 12.000 տարիների ընթացքում բնակչության քանակը տատանվել է [0;1] միջակայքում, սակայն վերջին տասնամյակների կլիմայական փոփոխությունների հետևանքով, ըստ որոշ հաշվարկների, հնարավոր են բնակչության թվի շեղումներ [-2; 2] միջակայքում:
Խտությունը: 
Ժողովրդագրական կազմը: Հիդրոիդ` 78%, արմենոիդ` 20%, աստիրոիդ` 1%, անտաշոիդ` 1%:
Կրոնական պատկանելությունը: Բնակավայրի Ա1 վարչական միավորում հայտնաբերվել են խեցեղենից, բnոնզից, ոսկուց, կրաքարից ջրաստվածներ և բազալտից վիշապներ, որոնցից ամենամեծի բարձրությունը հասնում է 5 մետրի: Ա2 միավորն ամբողջությամբ բաղկացած է միմյանց փոխկապակցված քարանձավային լաբիրինթոսից, որոնցում հիմա մեծ քանակությամբ մեթան գազ է հավաքվում, ինչը հրդեհավտանգ է դարձնում այն: Քարանձավի պատերին առկա են արևաստծո պաշտամունքի և արիականության այլ խորհրդանիշներ. ձախ և աջ սվաստիկաներ, կենաց ծառի հոյակապ պահպանված ժայռաքանդակ, բնական մահով մահացած ձիու մնացորդներ: Քարանձավներից վերջինում հայտնաբերվել են զրադաշտությանը բնորոշ գրանշաններ: Ա3 շերտն ամբողջությամբ էրոտիկ բնույթի քանդակներով և որմնանկարներով զարդարված կիսաքանդ տաճարային համալիր է, որի ներսում պահպանվել է քաղաքում գինեգործության զարգացման բարձր մակարդակի մասին վկայող մշակութային շերտ: Ա4 շերտում հիմնականում գերիշխում են միմյանց հաջորդող կարմիր, դեղին, սև և սպիտակ անապատային ավազը, ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում քաղաքում տիրած դժվար ժամանակների, երաշտի և սովի մասին: Այս շերտում հայտնաբերվել են նաև խաչափայտի մասունքներ: Ա5 կամ ժամանակակից շերտը որպես այդպիսին դեռևս նշագծված չէ, որովհետև դեռևս ձևավորման փուլում է գտնվում:
Ճշգրիտ գիտությունները: Որոշ ֆիզիկոսներ նշում են, որ անտաշատը հնարավոր է ուսումասիրել միայն ներսից, նախ և առաջ, որովհետև այն դուրս չունի, իսկ այդ պարագայում էլ ուսումնասիրությունն ամբողջական չի լինի: Որոշ համարձակներ էլ պնդում են, որ երկրաչափորեն այն թեկուզ անկայուն, բայց մոտավորապես հսկայական նեյրոնի տեսք ունի: Կարծիք կա նաև, որ անտաշատի գոյության հետքեր կարելի է փնտրել ցանկացած տեղ, որտեղ ջուր կա:
Բնիկների ոչ պաշտոնական տեղանվանումը: Անտաշատցի, անտաշենցի, անտաշական:
Պաշտոնական կայքը: www.antashat.com
Հայտնի ասույթներ քաղաքի մասին: «Դու կարող ես ապրել այնտեղ մի ամբողջ կյանք ու մեռնել նրա մեջ` երբևէ չկասկածելով այդ մասին»:
«Այնտեղ կտեսնես բազմաթիվ մարդկանց սիրո, տառապանքի, ստեղծագործության, պաշտամունքի հետքերը, սակայն երբևէ որևէ մեկի չես հանդիպի»:
«Լավագույն չորաթանն ու հոնի օղին այստեղ են ստացվում»:
------------------------------------
- ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
անտաշատ / ուղեցույց
բերքի տոն
զրո
ագռավաքար
պոեզիաթերապիա
|