- ԲԵՐՔԻ ՏՈՆ -

Խորհրդավոր նախաճաշ
Չուշանաս, էլի
Տանգո
Գլխապտույտ
Ծննդոց
Անուշիկի պատերազմը
Արևի մասնակի խավարում
Արծվաքիթ գրիպ
Տաք պահի` կանցնի
Գործ No 2110-08
Իմ (առայժմ) ցավը կամ մի շնանար
Գարունքացավ
Կոկտեյլ` վարդագույն լուսին
Քյաֆթառ Եվային
Սի բեմոլ-մինոր
Հակլակոնծի

 

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆԱԽԱՃԱՇ

Մի օր ձեռքս հասավ Արևին...
Հըմ...
Ես ու Աստված շունչներս պահեցինք:
Մեզ թվաց` կասես.
«Լսի´ր, շատ չե՞ս ձեռքերիդ ազատություն տալիս»,
բայց չասացիր,
և Աստված ժպտաց,
ու ես ներս մտա...
խաղողօրհնեքից 5 օր առաջ
թարմ քամած, մի քիչ թթվաշ
խաղողահյութի նախաճաշով
և Արևածաղիկը բերանիս մեջ -
իբրև մեղք, որը պիտի հասցնեի գործել,
քանի դեռ ուժի մեջ էր ապաշխարության խորհուրդը:

Մինչ ինքն իրենից թաքուն եփվում էր
կարմիր լոբով ապուրը,
ամեն անգամ փշաքաղվելով
քո անհամբեր համտեսումների ներխուժումից`
դեղին արևածաղիկներն ու կապույտ երկինքը համբուրվել էին սովորում
հանուն կանաչ շարունակության:

Անսովոր հոտ եկավ սովորական դարձած ստերից:

Այնտեղ, ուր ասֆալտը սահուն վերածվում էր երկնքի,
ես հասա քեզ,
և խելագար անձրևի սպասումից
արդեն խոնավ էին
քնքշորեն բացված թևիկներդ:

Իսկ հետո... սև ու սպիտակ աչուկներ,
որոնց առկայությունից
անդառնալիորեն բարձրանում էր
Տիեզերքի ջերմությունը`
հասնելով կենսականորեն անհրաժեշտին ու անցնում
ևս 5 մատնաչափ...
.......................................................
Արդեն 11-րդ ամիսն էր,
իսկ էդ դինջը մտքերով էր ընկել`
մոռանալով ծնվելու մասին:
Այնպես որ, տվյալ պահի դրությամբ
դեռևս անուն չուներ
սերը:

ՉՈՒՇԱՆԱՍ, ԷԼԻ´

Եկար...

Այնպե՜ս անմեղորեն (ի՞նչ է եղել որ)...
գարնան առաջին ծաղիկի պես բացվել
ժպտու՜մ ես,
ասես առաջինն, ինչ տեսնում ես կյանքումդ,
գարունն է...

Ու ասենք` քեզ ինչ, չէ՞,
որ ես մի կերպ եմ ապրել այս տիեզերական ձմեռը
ու թե չդիմանայի էլ... մեկ էր արդեն.
դու չկայիր (խմելու կար),
դու չկայիր
(մեռանք ձուկ և ձկան մասին ենթադրություններ ուտելով),
անաստված... սովորական էր դարձել նաև քո չլինելը:

Հետո էլ կասես`
գոռում ես քնի մեջ, խեղդվում ես քնի մեջ,
ընկնում ես, ընկնում ես, ընկնում ես...

Անտաշատի կեսգիշերային մահաշունչ քամին
ճոճում էր վզիցս կախված
«այստեղից արագ անցեք` փետրվար է»
ցուցանակը,
ու հապաղած հետաքրքրասերների երեսին թքում
ատամների արանքում մնացած աշնանային տերևները
և ատամների կռճտոցն այն թերահավատ ծառերի,
որ քնի մեջ մեռան ցրտից` այդպես էլ գարունը չտեսած.
միակ այլընտրանքն էր վտանգավոր լռության.
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷՐ.
չեղած տեղից դա էլ էր կյանք համարվում
(հա ի՞նչ):

Նրանք բոլորն էլ գնացին
ինչպես եկել էին`
հլու-հնազանդ, ասես սցենարով հենց այդպես էր
(պարզվեց` իրոք այդպես էր):
Նրանք,
ում ակնոցների տակ` աչքեր,
շրթներկի տակ` շուրթեր,
շորերի տակ` մաշկ
մաշկի տակ... անվերջ քեզ էի հոտոտում:

Իսկ դու... հատկապես գալուցդ 5 րոպե առաջ
ի՜նչ այնկողմնային էիր բուրում...

Նստիր կողքիս,
շոշափիր զարկերակս,
սիրտս լսեցի՞ր...
եթե հիմա ինֆարկտից չմեռնեմ...
մի, մի... ես գիտեմ`
դու չես ուշանում երբեք.
ուղղակի մենք ենք մի տեսակ արագ ծերանում:

Դե արի, մոտս արի...

 

ՏԱՆԳՈ

ՉԷ´, չէ´, սպասիր...

Շտապում ես...
երբ հաշվում ես ժամանակը,
այն միշտ չի հերիքում,
և սկզբի ու վերջի միջև ճզմված
քո կախյալությունը
մահկանացու է դարձնում
ինձ ու քեզ:

- Պետք չէ, լռի´ր ...

Ես մաշկիցդ շնչում եմ արդեն իմաստները,
որ պիտի փորձեիր բառերի վերածել:
Երբ իմաստներն ընկալված են,
զգացված ու ապրված`
բառերն աղմուկ են միայն,
աղմուկը` կիսատություն,
աղմուկը տառապանք է,
շշշշշ....

Մի´ պաշտպանվիր...

Ինքդ քեզնից
չես կարող փախչել, միևնու´յն է:
Զգու՞մ ես համակերպումի ավազե քնքշությունը,
երբ ծովը տիրում է ժայռերին
անզեն աչքի համար
աննկատելիորեն դանդաղ:
Արարումը կանացի է:

Մի´ հանվիր...

Լա՜վ, գոնե ժպիտդ թող.
ես հագիդ այնքան սազում եմ նրա հետ:

Սպասիր մի քիչ էլ...

Ինչպե՞ս չես ալարում.
հիմա պիտի նստես մինչ առավոտ
իմ ու քո՞ անես
(ինձ թվում է)
անդառնալիորեն միախառնված
մեր արյան կարմիր գնդիկները...

 

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

Գինեհամ պաչիկներ և մշուշոտ բառեր,
սպասիր… երջանկություն` կծել-մծել չկա…
Հարևանները, վարագույրները…
ներերակային քչփչոց,
թաքնվելու ցանկություն,
լույսը, լույսը… ավելորդ թիթիզություն է,
ներսի և դրսի սահմանները
լղոզված են իմպրեսիոնիզմի ոճով:
Լրիվ անսպասելի -
իրենք իրենց թերթվող անապատներ և ծովեր -
պետք է միայն թքոտել… ցուցամատը -
դեղնակարմիր և կապտամոխրագույն,
վարդագույնի նրբին անցումներով անօդ տարածություն
և ամեն անգամ միևնույն տեղում… ձնծաղիկներ…
(ֆենիլէթիլամինային շոկ)
բացահայտումներ և համակերպում,
ընդվզումներ և շշուկներ,
տաք ու ցավոտ,
անիմաստ ու խորհրդավոր,
մթնշաղ և ցայգալույս -
ավարտվեցիր… սկիզբ առար
իմ ներսից...

- Էս ի՞նչ արիր, խելա´ռ, ե´կ լուսամուտի մոտ.
ինձ թվում է` գարունը 3 ամիս շուտ սկսվեց…
(բա Նոր տարին...):

Ձնհալի կաթոցք,
ճպռոտ աչքերը տրորող գարուն,
գինեհամ բողբոջներ և մշուշոտ ձնծաղիկներ…
(գժո´, արդեն անդառնալի է ձնհալը…)
փողոցներում լիքը բողբոջած ձեռքեր,
գլխարկներ, վերարկուներ, շրթունքներ,
և տիեզերքը պարուրաձև ալիքող
գլխապտու ՜յտ…
գլխապտու ՜յտ…
գլխապտու ՜յտ…

ԾՆՆԴՈՑ

Ջրերը գնացին:
Չէ, չէ մի... բլա-բլա...
բա տեսա՞ր դու,
Անահի´տ,
դու գիտես որտեղից խուտուտ տալ Էությունը,
որ տիեզերքում առաջանա մարմնանալու ցանկություն...
Հա´,
համենայնդեպս,
իմ խիստ հերթական դեմքին էլ ուրվագծվեցին
ջրի արարչական ինքնաճանաչման ուրվագծերը,
և աչքաուլունքային չխկչխկոցին դեռ անսովոր
իմ ականջներից
բըզ-բըզի-բըզե, բզեզներ, մայիսյան բզեզիկներ
դուրս թռան:
Չէ-չէ մի... բլա-բլա...
բա տեսա՞ր դու:

- Հա´,
ես երազ եմ լսել 127-րդ օրը. նրա երազն էր:
Անահի´տ,
Աստված ասում էր.
- Բլա-բլա, գըղ-գըղ, եղիցի սեր...
Ասում էր, էէէ՜հ, գլուխդ չգնա՞ց էդ զըռ կարմիր երկնքից,
որն անկուշտի պես պիտի ուտես ու խմես,
մինչ մեծանաս այնքան, որ հասնես Արևին
և, առռը հա´, քեզ նյարդային համակարգ,
որ տառապես այնքան, մինչ հասկանաս,
թե ինչ են կարեկցանքն ու պարտքը:

Չէ-չէ մի... բլա-բլա...
բա տեսա՞ր դու... վախեցանք:
Իսկ ես հիշում եմ` կար մի ժամանակ,
երբ ես ու դու չկայինք...
դրա համար էլ Անահիտը միշտ կլինի:
(Ես կկարոտեմ քեզ... բայց դու մոռացիր ինձ: Ց´):

Աչքներդ լու՜յս, ծակ աչքներդ լու՜յս
բլա-բլա-լալա... լեզուս չի պտտում ասեմ...
էէէհ, եկել եմ նախորդ անգամից մնացած
պարտքս տալու:

 

ԱՆՈՒՇԻԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
(Տատիս հեքիաթների չափ հին
Անուշիկի պատերազմը)

-1-

Շունչս կտրվում է... միակության մտքից...

-2-
Մի պատահական մայրաքաղաքի
պատահական հեղափոխության ֆոնին,
լրիվ պատահականորեն սկսված
գարնան առաջին անձրևից փախչելիս,
պատահական շքամուտքում
պատահական «սիրում եմ քեզից»
կտրվեց շունչը...

-3-
Համբույրի համար ճմրթված շուրթեր`
մու-մու, մու-մու...

-4-
Սկզբում տանիքներն էր բարձրանում,
որ ձեռքը հասնի աստղերին,
հետո մեռած ձևացող քաղաքի վրա
շպրտում էր ճերմակ թևերով թղթե հրեշտակներ,
որ կարողանում էին թռչել
մինչ գետնին ընկնելը:
Կիթառացավով տարված` չէր հասկանում,
որ այստեղ յուրաքանչյուրը
ձանձրույթից մեռնելու իրավունք ունի,
ու թեպետ իր շնորհիվ աշխարհը
ավելի անթրաշ էր դառնում,
բայց ոչ անպայման` ավելի երջանիկ:

Կարգին սովելուց հետո
միշտ տուն էր գալիս հեղափոխությունից,
ու դուռը միշտ բացում էր
մի բարձի վրա սկսված, ավարտված
և շարունակվող կյանքը,
որից անմեղորեն
տապակած կարտոֆիլի հոտ էր գալիս:

Ընթրիքից հետո
ի՞նչ կապ ունի ինքն այդ ամենի հետ:
Ուղղակի մի կիսասովետական գիշեր
հայրիկն ու մայրիկը
սովորականից ավելի կրքոտ են սիրել իրար,
սովորականից ավելի բարձր են թռել,
ու թթվածնի պակասից...
կտրվել է շնչառությունը...

-5-
Գզգզված, ինչպես մարտիմեկյան քամու
բերանն ընկած մասրենին,
քանդուքարափ հայացքով,
ջարդուփշուր բարի հեքիաթների մասին
նոր չար հեքիաթներ
ծամծմելով...
Թափթփված հոգենյութ -
զրդուզիբիլ...

Հերթական ինքնասպանությունից հետո
տուն է վերադառնում առավոտյան,
այս անգամ`
արյունլվա ձեռքերի ու ոտքերի միջև
սրտի պես թպրտացող արևը,
նվնվալով այն մասին,
որ ձանձրույթից մեռնող քաղաքի
նկարովի աստղերը հազվադեպ են ընկնում
հանուն երազանքների իրականացման -
ավելին` չեն ընկնում:

-6-
Սակայն
անխուսափելիորեն պարզվում է,
որ Աստծո և բոյֆրենդների մեջտեղում
թռչնաձկների մասին լեգենդներ հորինող
դեռևս անուն չունեցող մի արարած կա,
ով ինչ-որ տարօրինակ քաղաքի միակ բնակիչն է
և ձմերուկի հոտ է առնում օգոստոսից:
Ու թեպետ նա վաղուց արմատակալել է այնտեղ,
բայց լիալուսնի ժամանակ
փորիկի և մեջքի վրա թռիչքի դասեր է տալիս
կեսգիշերից հետո:

-7-
Փոքրիկ Իշխանը մաշկի վրա և մաշկի տակ:

-8-
Այս գիշեր,
իբրև ապրելու հիմնավոր պատճառ,
կարմիր է սպասումը:

-9-
Վաղն անպայման կանաչ կհագնի նրա համար:

 

ԱՐԵՎԻ ՄԱՍՆԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄ

Քո տարիքում սերը հեշտ է,
ինչպես տանիքից աշխարհի վրա
թքել-հեռանալը
երկինք:

Քո տարիքում
կյանքը օգոստոսին ձեռքերի մեջ հալվող
վանիլե պաղպաղակի մասին է,
կյանքը քայլել է սովորում
բարձրակրունկների վրա,
կյանքը ցանցառ է ու մերձիմահ,
կյանքը չի համակերպվում
իր անուն/ազգանուն/հայրանունի հետ:
Քո տարիքում
ամեն երրորդ գրեթե ասպետից
ձին է պակասում`
նրա հետ ինչ-որ անմարդաբնակ կղզի
փախչելու համար:
Քո տարիքում
անթրաշ ու փնթի քեռիներից
տղամարդու հոտ է գալիս:

(Մի անգամ
անտաշատի փետրվարում
ես ու դու համընկանք...
էնդորֆինային համբույրով):

Եվ նույնիսկ ձյան ճերմակ վերմակի տակ
տաքը փոքրիկ լկտիություններ է գործում,
որովհետև քո տարիքում
միշտ ամառ է,
գիշեր,
լիալուսին...

 

ԱՐԾՎԱՔԻԹ ԳՐԻՊ

Հաաափչյու... հ... Տե´ր Աստված...
(առողջություն):

Ամեն ինչ սկսվեց հընթացս նոյեմբերի:

Աշխատավարձից դժգոհ,
կիսաչարամիտ,
բայց իր գործի վարպետ հավաքարարի պես
անձրևը երեկոյախառը լվանում էր
անտաշատի պարունակությունըª
ներծծվելով ոսկորների մեջ:
Իրենց հաշվարկով աչքից հեռու
անորոշ սեռի երկու թրջված դաշտամուկ
փիլիսոփայում էին այն մասին,
որ... Ֆսսսս... (պահի´)... հուուուու...
ծուխը խոտի էվոլ յուցիոն երազն է
թռչուն դառնալու մասին...
հի... անընդվերջ... հի-հի-հի:

Ռոմանտիկա
(սովորական եղանակային չտեսություն):

Ինչ ցուրտ է աշխարհում էս վերջերս.
քաղաքի տարբեր ծայրերում տիեզերքը սկսում է սրթսրթալ...
Կեսգիշերն անց
պատմությունը շարունակվում է վերմակի տակ.
Առողջ մարմնում` առողջ... մարմին.
ջերմության ուրիշ աղբյուր
կարծես թե մտքովս չի էլ անցնում հիմա...

Շոյված լինելու ցանկությունից ամբողջ գիշեր այրվելով`
առավոտյան կողմ քիթը և քիթիկը հայտնվում են
իրադարձությունների կենտրոնում.
- Բարի լույս, քիթ:
- Բարև, քիթիկ:
Սկսվում է հոգենյութի տառապալից արտահոսքը:

Բոլոր պինդ մարմիններն էլ ներսից փափուկ են,
երբ սիրահարված են և հեղուկ, երբ...
հաաաաա... փչյու -
պինդ մարմինների ֆիզիկան անշրջանցելի է:

Մեր ժեշտը Աստծո վրա թանկ չի նստում,
իսկ պարունակությունը հստակ բնորոշում չունի,
հատկապես, երբ...
հաաաաա... փչյու:

Ավանգարդ ոճի մեջ նայվող քիթ,
վերածննդի շրջանի քիթիկ,
հեղափոխական կարմիր քիթ,
այնուամենայնիվ, քնքուշ քիթիկ:

Նրանց միջև առկա գերհաղորդականությունը
ամենակենցաղային իմաստով շոշափելի է դառնում,
երբ քաղաքի տարբեր ծայրերում
միաժամանակ վերջանում է անձեռոցիկը:

Քթի շարունակությունն իրեն զգում է ինչպես
8-րդ հարկի լվացքի թոկից ընկած կիսաթաց սվիտր,
կարևորն այն է, որ դեռևս զգում է
(քիթիկները սովորաբար ավելի լավատես են լինում):

- Քիթն ու քիթիկը գրիպից չեն մեռնի, չէ՞
(չնայած կարելի էր մեռնել անժամանակ և ողբերգական):
- Չէէ՜, նոր բան մտածի,
դա նախանցյալ անգամ փորձեցինք,
չե՞ս հիշում,
և հետո, զգույշ, մեր գիրը նաև թուղթ ու գիր է:

Հաաափչյու...
էդքան էլ ճիշտ:

ՏԱՔ ՊԱՀԻ, ԿԱՆՑՆԻ

Ես, Նա և փետրվարը
ձեռքներս ծնկներիս լռին նստել էինք
փայտե ճաղերով նստարանին,
ու մեր աննպատակ հայացքները
հեռվում իրար էր խճճում
սառցադաշտի վերջին հաճախորդը:

(Սառը ջրի տակ լվալուց հետո
թավշյա դեղձի սառը դեղձագույնը
միշտ բնազդորեն համբուրում եմ
կծելուց առաջ):

- Է՜հ, անմեղության փնտրտուքի ճանապարհին
ինչքա՜ն անմեղություն ես վարի տվել,
ա´յ ծովախոզ...

Ըհը... դրանից ուշ տարիքում առաջանում են
դեպի ներքև ցույց տվող սլաք` հոնքերի միջև,
և ծակոցներ հոգու խորքի շրջանում:

Դառնությունը նստեց աաայ այնտեղ,
այն անկյունում:
Սկզբում քիթն էր քչփորում,
հետո ծխախոտ վառեց:
Գիշերվա կեսին թևս ընկավ ու գնացինք արաղի,
հետս հավասար խմեց:
Երբ ուզեցի երգենք, ոչ մի երգ չգիտեր:
Աչքս թարթեցի` վրայիցս հանեց
շղթաս, գոտիս, կոշկաթելերս
(այն ամենը, ինչով իբր թե
կարելի էր կախվել):
Թքեցի դեմքին... ժպտաց:
Ավելի պինդ գրկեց ու քայլեցինք դեպի կամուրջը,
ուր... թարսի պես...

Իսկ ես... դեղձ շատ եմ սիրում,
դեղձի հոտից մեջս
տուն-տունիկ խաղալու կիրք է զարթնում:
Սկսում եմ փողոցում սրա-նրա երեխաներին
պոնչո անել:
- Հերիք է գլուխս տանես, ա´յ փռչոտ:
Քեզ նոր չէ, որ ճանաչում եմ.
դեռ ինչքա՞ն պիտի գտնեմ քեզ լուսաբացին
փողոցներում` հարբած ու փնթի...
բո´մժ:

(Նորից գարուն կլինի անտաշատում
և իշամեղուն նորից մինչև ականջները
դեղձենու անմեղորեն քնքուշ ծաղկափոշում կթաթախվի):

Բացի´ր աչքերդ,
վարագույրներդ,
լուսամուտներդ...

ԳՈՐԾ No 2110-08

Սերը քացով խփեց այնտեղիս,
որտեղից ենթադրվում էր իմ շարունակելիությունը,
արմունկով իջավ արևահյուսակիս,
բռունցքով` ձախ աչքիս,
ընկա,
ապակու կտորով քերեց երակներս...

Շարունակությունն ականատեսների վկայությամբ.

«Երեկ գիշեր իրավապահները անսթափ վիճակում
մինչ այդ անհայտ «անտաշատ» կոչվող բնակավայրից
բերման են ենթարկել...
Առգրավվել են օրինազանցի
սպիտակ ձին և ակորդեոնը»:

Երբ էն աշխարհում աչքերս բացեցի,
արդեն ավարտել էին ուղեղիս լվացումն ու պարզաջրումը,
հետս էին դրել մի ամբողջ քերովբե,
և դու մի ասա, մենք արդեն 25 տարի է
հետդարձի ճանապարհին ենք:

Անապատներ, լեռներ, ծովեր.
իրար ձրի սիրելու լիիիքը տեղ:

Հոգեմարմնական ապրումների
կենսաբանորեն անհրաժեշտ նվազագույնը մի կողմ`
օրը 24 անգամ նրա առկայությունն էի ստուգում,
տարին 12 անգամ փորձարկում թափանցելիությունը -
հնազանդ էր:

Օգոստոսին
հանկարծ
հիշեցի ազգանունս,
արտաշնչեցի ածխաթթու գազ,
ձախ աչքս սկսեց տեսնել,
արնահոսությունը դադարեց:

Իսկ հաջորդ օրը նա
միանգամայն անտեղի դեմքի արտահայտությամբ
ասաց.
- Ի´նձ լսիր, ա´յ ցմահ և հետմահու հետիոտն,
հերիք է գիշերները թևերիս փետուրները խուզես
ինքդ քեզնից թաքուն.
արթնացի´ր, էլի, դու հո մազոխի՞ստ չես...
...........................................................
Երբ ձմերուկի վրա աչքեր փորեցինք,
արտասվեց:
- Այսօր լավ օր է բաժանման համար, - ասացիր...
և ես շտապեցի շնչել մազերիդ բույրն ու մտապահել.
ամեն դեպքում մեկ-մեկ խելագարվելու չափ
այս երգն անունի կարիք է զգում:

ԻՄ (առայժմ) ՑԱՎԸ կամ ՄԻ´ ՇՆԱՆԱՐ

Ատամներիս տակ հազիվ ճզմելով ոռնոցը`
ես քեզ ժպտացի վերջին անգամ`
ձևացնելով, որ կարող եմ լինել
մեծ և սուրբ... (բայց կուտը չկերար):

Եվ հիստերիկ ջղաձգումից բռունցքված ձեռքս
շտապով թաքցրեցի գրպանում`
պարտակելով քեզ համար նախատեսված ապտակը
(դրանից աչքիս մեջ մազանոթ պայթեց):

Ես ուզում էի ողբերգական խորհրդավորություն տալ
մեր այդ ոչ հերթական բաժանմանը`
բանաձևելով
«Քո տեղն իմ կյանքում դատարկ կմնա... » կարգի
սրտաճմլիկ մտքեր`
գոնե մի մարդավարի տառապանք
քեզնից տանելու հույսով:

Իսկ դու ակնհայտորեն անհանգիստ էիր,
ինչպես կարելի էր ենթադրել բիբերիդ լայնությունից -
խոսումնալից հանդիպումից էիր ուշանում:

Գոնե այդքան գեղեցիկ չլինեիր այդ օրը
և չբուրեիր, ինչպես (երևի) ծովը
խաղաղ կեսգիշերին:

Վերջում դիմեցի դասական հնարքի.
-Փախչե´նք...
(չհասցրեցի ավելացնել` անտաշատ)
...սեթևեթ ժպտացիր և աչքի ծայրով
նայեցիր ժամացույցին - հասկացա -
հնաոճ եմ,
և վրայիցս շան հոտ է գալիս
(լավ իմաստով).
ծանր եմ տանում Տիրոջս փոխելու միտքը:

 

ԳԱՐՈՒՆՔԱՑԱՎ

Սերը երկար մազեր ունի, փափուկ է...
Եթե աչքերս փակեմ ու կենտրոնանամ,
նույնիսկ կհիշեմ աչքերի գույնն ու... մնացածը:

Սերը տարիներով կարող է զգեստը չփոխել`
հատկապես էն բաց-կապտամոխրագույնը`
մանր սպիտակ ծաղիկներով:

Սիրո մասին միշտ գարունից թաքուն եմ մտածում,
որ հանկարծ գարունը չառիթավորվի:

Եվ ամեն անգամ, երբ լսում եմ «L'histoire d'un Amour»-ը,
սերը քնքուշ գրկում է մեջքիցս և կծում աջ ականջս:

Սերը... երեք ամիսը մեկ... քսանհինգ րոպե
կրծքամկանի սպազմատիկ կծկումներ,
որից չեն մեռնում:

Եվ ինչպես Սիրո մասին աշխարհի բոլոր
պատմություններում,
ինչպես աշխարհի մնացած բոլոր սերերը,
Սերն էլ եսիմ քանի տարի առաջ
ամուսնացել է հարուստ սփյուռքահայի հետ
և մեկնել այս երգից հեռու ՜... հեռու ՜... հեռու ՜...

(Փողոցներում լիքն են իր նմանները:
Փառք Աստծո, որ ինքը չկա):

ԿՈԿՏԵՅԼ` ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԻՆ

- լվացքի փոշի առնել,
- Անուլիկին տանել մանկապարտեզ,
- ուրց ուզել մամայից,
- ծաղկամանների հողը փոխել,
- յոգայի պարապմունքը հետաձգել:

Ուզում եմ հիշել,
թե երբ եմ վերջին անգամ լավ սիրահարվել...
27-ում... հա´-հա´, եղել է այդպիսի բան:
Ափսոսամ-չափսոսամ` չգիտեմ...
Չի մեռել... չասաց` բաժանվիր, ես էլ չասացի,
որ այդ մի բառին եմ սպասում: Գնաց:

Իսկ այժմ և միշտ...
հումանիզմն ավանդույթ է մեր քարանձավում.
որսորդության մեջ էդքան չկանք իհարկե,
բայց հո՜ խորոված չենք անում...
չէ՞, ամուսնյա´կ:

Բայց էս ինչ մեծ կարծիքի ես իմ մասին, ա´յ մարդ.
«կինը տղամարդու ինքնագնահատականն է... »:
Վերմակի տակ ռեժիմում
արդեն 10 տարի է մամա-պապա ենք խաղում:
Մի անգամ դեմքիս նայիր,
ասա` ծերացել ես,
ասա` զզվում եմ քեզանից,
ասա` կյանքս կերար,
ներվայնացիր, խփիր...

«Հազիվ մի տունուտեղի ստեղծման համար հերիքող կյանք»
խորագրի ներքո շարունակում ես բողոքել
համաշխարհային ճգնաժամից:

- Մենք հեչ... բա երեխե՞քը... (շփման եզր է փնտրում):

(Սիրո ցամաքած ծովից մնացած աղի անապատներ
և աղ դրած մատղաշ ասպետներ` Սբ. Սարգսի տոնին -
իսկ կյանքի գլխավոր դերում հայտնվել ցանկացող
անկողինը
«վարդերի հեղափոխություն» է անում
հատկապես փետրվարի վերջին շաբաթը:
Դիմացի շենքի պատուհանից թաքուն ծիկրակող
ջահելի համար
իբր մոռանում է մինչև վերջ քաշել վարագույրը
ու մի տեսակ դանդաղ, մի տեսակ ավելի է մերկանում):

Նայում եմ հայելու մեջ, ծիծաղս գալիս է.
սովետական երկաթբետոն` եվրոլուսամուտներով:
Հա,´ ի՞նչ, դուռը կխփեմ, կբացի, կասեմ...
(Տանտրայի ձեռնարկը ձեռքին մտնում է նրա ննջասենյակը
ու կանացի շանտաժի «սրանի´ց եմ ուզում՚ հայացքով
ցուցամատը դնում 55-րդ էջի նկարին):
- Սուրճդ խմի, Լու´ս, սուրճդ... սառեց... ու քիչ կինո նայիր:

Գարունը 50 դրամանոց դեղին ծաղիկների փունջ է`
փողոցներում թափած, գնում է շան ոտքի հետ,
միայն թե համարձակությունդ հերիքեց` առար...
(չէ՜, քաղաքը փոքր է, դեղինն էլ աչք է ծակում):

Լվացք, շեյփինգ, յոգա, չաթ, չաթ, ընթրիք, լվացք:
- Ինձ անկողին պետք չի, ինձ սեր պետք չի
(մանավանդª տղամարդկանց հարցում
բախտս երբեք էլ չի բերել),
ինձ շատ-շատ...
չորաթանի բաղադրատոմսն է պետք:

(Բայց, այնուամենայնիվ, մեկ-մեկ,
երբ տանը մարդ չի լինում,
հավաքում է 000-000-001
ու գոռում հեռախոսի մեջ.
- Հե՜յ, գարո´ւն, ո՞ւր ես, շտապի´ր.
կես ժամ ժամանակ ունեմ):

 

ՔՅԱՖԹԱՌ ԵՎԱՅԻՆ

Կնստենք,
կլռենք երկար-բարակ, կարմիր-լաջվարդ
մտքերով կհասնենք մինչև
ի սկզբանե եղած բանի բանը:

Հեռվում կոտրատվող հորիզոնի հետևից
կվազեն մեր աչքերը` կառչած նեյրոններից,
աստղաբույլերից, աստվածներից, քամիներից...
հավերժ փախստական և վտարանդի
մեր ճանապարհները
կխաչակնքվեն հեռվում.

Փրկության միակ ուղենիշն է
այժմ և միշտ և հավիտյանս -
ՀԵՌՈՒՆ:

Ոտքս զգուշորեն շոյող փեշիցդ
արյանս մեջ
խելագար, ավերիչ փոթորիկներ կգալարվեն,
և ինձ մի պահ անկեղծորեն կթվա,
թե իբր չի դիմանա հագիս կավեղենը:

- Լսիր, իսկ դու որերո՞րդն ես,
և ու՞ր է այն սերը,
որ տևելու էր մի կյանքի չափ,
ուր է այն կյանքը,
որ... կյանք էր:
Չէէէ, դուք բոլորդ էլ իմ էէն կողից եք.
մեկին` մեկ,
դրա համար էլ հաշիվը չեմ պահում:

- Կրկնվելու գայթակղությունից խելքդ մաղած ծերուկ,
սեռդ հիշելու առիթը բաց չես թողնում:
Թիթի´զ:

Սերը գրեթե տևում է մի կյանքի չափ:
Ուղղակի էն ստից մնացորդը թթվում է նյարդերիդ վրա,
երբ դրախտից մնացած պարտքերի տետրը թևի տակ`
մի օր քո տուն է տեղափոխվում -
չնախատեսված երեխայի սպասող
չսիրված կին
ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ:

Էէհ, ծանր մտքեր եկան,
Փեշդ քաշիր, Եվ:


ՍԻ-ԲԵՄՈԼ ՄԻՆՈՐ

Ես սիրում եմ
լքված ու կիսաքանդ շինություններ,
որտեղ ապրել են լրիվ անկարևոր մարդիկ,
սրտաճմլիկ բաժանումներ,
հոկտեմբերի վերջին շաբաթը,
գլխավոր պողոտայի վրա աննպատակ աճող,
բայց պարտաճանաչորեն բերրի կաղնիները,
պոեզիա,
կենսաբանության դասատուներին,
կարմիր լոբով ապուր,
Մարքսի «Կապիտալի» հոտը և
ռետրո բեղերով պապերիս սև-սպիտակ անցյալը,
առաջին իսկ գողության վրա բռնվողներին,
պառավ ամուսինների մանրախնդիր
և ինքնանպատակ վեճերը,
կակտուսներ,
մարմնավաճառների շաբլոն պատմությունները
«մինչ և հետո» ձևաչափով,
ծիծեռնակների գալու հաջորդ երկու օրերը,
շաաատ հեռավոր բարեկամներիս,
վերջին հազարանոցի առաջին 500-ը,
քննարկումներ Աստծո գոյության և աշխարհի վերջի շուրջ,
պառաված օրիորդների անփորձ ակնարկներն
ու ողբերգական հպարտությունը,
հոնի արաղ,
անցանկալի մազածածկույթի դեմ
կանանց պայքարի լրջությունը,
սնափառությունից ուշաթափվելու վրա
մարդկանց բռնացնելը,
ընդհանրապես ինչ-որ «մեղսագործման» վրա
բռնացնելն ու չմատնելը,
ձևի համար հավաքված գրադարանները,
աշխարհը մայրիշխանության ժամանակներում
պատկերացնելը,
բալոտ շրթունքներ, բալի հետ կապված ամեն ինչ,
տատիս տեսակ-տեսակ կանաչիների բոստանը,
ժայռապատկերներ,
հորինովի պատմություններ`
հատկապես այն, որ ծնվել եմ 11-րդ ամսում,
իսկ 13 տարեկանում 2 մետր փոս եմ փորել`
դինոզավրի կմախք գտնելու հույսով,
պեղումներ,
որոշ տեսակի կանանց և մի քանի տղամարդու,
բանալիների խրձեր, կանաչ խնձոր,
Վանա լիճը,
«բարուրաշոր» և «հոգեթել» բառերը,
երիտասարդ մայրիկների թթվածնով հարուստ
հասունությունը,
Է տառը,
իսկ ԱՄԵՆԱՇԱՏԸ`
պոեզիան ավարտելու
3-րդից մինչ 18-րդ րոպեները:

 

ՀԱԿԼԱԿՈՆԾԻ

(Փիսո, լուսնի վրա
երկու հեկտար հող կառնեմ քեզ համար,
միայն թե շրջվիր
տեսնեմ`
որքանով է դեմքդ նման
նրա մասին իմ պատկերացումներին):

ՎԱՅ...

Մետրոյի լուսամուտի
և «Օշոյի զրույցները» ճոխ հատորի միջև
փիսոյի աղեկտուր ճիչով
ճզմված քնակոլոլ մեղուն
մեր անտերուդուս քաղաքում
ավետեց գարնան գալուստը,
և վերջին վագոնի 12 կանայք
ու ես
սարսափով նկատեցինք.

«Եթե հաջորդ կայարանում պարզվի,
որ աշխարհի մեզ հասանելի հատվածում
ամբողջ մարդկությունը բնաջնջվել է,
ապա մարդկության շարունակման
միակ հույսը
Ես եմ... »:

Թու-թու-թու.
ես ինձ երբեք
ավելի տկլոր ու ինչորպիսին
չէի զգացել:

 

------------------------------------
- ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

անտաշատ / ուղեցույց
բերքի տոն
զրո
ագռավաքար
պոեզիաթերապիա