- ԶՐՈ -
Սկզբնախաղ
Կոմբինացիա N 1 «Տուն-տունիկ»
Կոմբինացիա N 2 «Պատերազմի ծոռները»
Կոմբինացիա N 3 «Թոկից փախածը»
Կոմբինացիա N 4 «Փրկիչը»
Կոմբինացիա N 5 «Ինֆարկտ»
ՍԿԶԲՆԱԽԱՂ
Ի սկզբանե
(կարելի է ասել` հաշված վայրկյաններ անց),
վերջն անխուսափելի դարձավ:
Նա գոյանալու համար դարձավ Կա և Չկա,
(ասա ինչիդ էր պետք):
Օրն իմաստավորեց կարճաժամկետ հեռանկարը,
իսկ գիշերը` վաստակած հանգիստ,
շարունակության մասին ահավոր հաճելի
մտորումներից և շոշափումներից հետո:
Եվ կարևորվեց ընթացքը,
որ պիտի ձևակերպվեր
ժամանակի ու տարածության կոնկրետությամբ,
օրենքներով, կանոններով, սկզբունքներով,
հնարավորինս լուրջ դեմքի արտահայտությամբ,
հարմար ու տպավորիչ ընտրված հանդերձանքով,
ցլի պոզերով, առյուծի գլխով և արծվի թևերով,
դափնիներով, մեդալներով, կախաղաններով,
վախեցնելով, սիրաշահելով, ոգևորելով,
փետրազարդելով ու սրբագործելով,
դատապարտելով ու պարգևատրելով,
բարդացնելով, խճճելով, ձգձգելով,
հնարավորինս կարևոր դարձնելով
ու ծիսակարգի վերածելով
ընթացքը:
Այն օրվանից, երբ կարևորն ընթացքն է,
կաթնասունները դրսևորում են
ընդգծված խաղամոլություն:
Խաղը միշտ հնարավոր է սկսել սկզբից:
Խաղը ցրում է իրական վերջի մասին ծանր մտքերը:
Դու դրանով զբաղված կլինես
այս գիշեր և վաղը ցերեկը
ու էլի ինչ-որ մի 42 տարի,
իսկ այդ ամբողջ ընթացքում
ենթատեքստում միշտ կենթադրվի,
որ այս ամենն, այնուամենայնիվ, ինչ-որ իմաստ ունի:
Կոմբինացիա N0 1 «Տուն-տունիկ»
Նա երեխաներից չսկսեց.
էդքան ներվեր չուներ:
Երեխաները դրախտից հետո եղան:
Երեսով տալու առիթը բաց չթողնելով`
նրանք մե´րն են, մե´րն են, մե´րն են
ու կարող են խաղալ այն ամենով,
ինչ մենք արեցինք այս աշխարհի հետ
և դեռ էլի ենք պատրաստվում անել:
Այն, ինչ մենք կռիվ տարանք հետներս
և այն, ինչ տուն բերեցինք կռվից...
Խաղալիքներ դարձած
մեր անհաջողությունների արդարացման ճիգը
գոյի ընդվզումը փորձում է վերածել համակերպումի`
դաստիարակությամբ ու վարժեցումով,
որպեսզի շարունակվի էգոն,
զի ոչինչ այնպես քնքշորեն չի շոյում սնափառության ներվը,
ինչպես ինչ-որ մեկի` քեզ նմանվելու հուսահատ ճիգը:
Բայց երբեմն նրանք, նրանցից անդաստիարակները,
խաղում են մեր աստվածների մազերի հետ, քաշքշում բեղերից,
ինչի համար և անհապաղ պատժում ենք,
սակայն արդեն ուշ է լինում.
ու նրանք մեզ նման են միայն... մասամբ:
Երեխաները խաղում են, որովհետև մեզ այդպես է թվում:
Հա, նրանք համառորեն շարունակում են խաղալ
մեր մեղքերի հատուցումն ու շարունակությունը,
զի գենը 25 տարվա մեջ 1.3 սմ արագությամբ
ձգտում է մերձենալ Նրան:
Ճուտիկները զարմանալիորեն քաղցրակեր են:
Ինքնամոռաց զվարճությունը շաքարաքլորի առաջին շերտն է,
իսկ հաղթանակի գայթակղությունն ու պարտության թույնը
սեռահասունության առաջին հորմոնները:
Եվ... շարունակությունը միշտ հետևում է:
Թո´ւ... առջևում է:
Կոմբինացիա N0 2 «Պատերազմի ծոռները»
Եվ նրանք բազմացան`
նախատեսվածից ավելի խանդավառ ընդունելով
այդ գաղափարի իրացման ընթացքը:
Բնակեցրին աստվածային տնտեսության
բոլոր հնարավոր վայրիվերումները`
իբրև աշխարհը գրավելու մեկնակետ`
փորփրելով միլիոնավոր տիեզերակենտրոն որջեր:
Աշխարհը գրավելու ցանկությունից
քոր եկող ձեռքեր, լայնացած բիբեր,
պայթող սրտեր, կտրվող շնչառություն...
Դու գիտես,
որ աշխարհի բոլոր քարանձավների պատերին
նկարված են միայն հաղթողներ ու պարտվողներ:
Մենք մերոնցով ենք, խոստովանի´ր,
քանի՞ անգամ է մտքովդ անցել:
Ա պատերազմի ծոռները կսկսեն պատերազմ Բ-ն,
Ա պատերազմի ծոռները կնահատակվեն,
Բ պատերազմի զավակները կփառաբանեն նրանց,
Բ պատերազմի թոռները կմոռանան,
Բ պատերազմի ծոռները կսկսեն պատերազմ Գ-ն:
Պատերազմը...
Ռազմի աստվածը վերջինն է մեռնում...
Պարտվածները աստված չունեն...
Հաղթանակը հեշտանքի չափ կարճ է տևում,
որպեսզի խաղը հասցնի վերարտադրել ինքն իրեն:
Պատերազմը... երբեք չի ավարտվելու:
Խաղը սիրում է կրկնել.
«Տե´ղդ ճանաչիր:
Ո՞վ ես դու... հաղթանակա՞ծ... պարտվո՞ղ,
ո՞րն է քո պատերազմը,
գտի´ր քեզ, շոշափի´ր քեզ, սիրի´ր քեզ,
ո՞րն է քո չափումը,
աստղերից այն կո՞ղմ, թե՞ Արևից այս կողմ,
ընտանիքի հայրի՞կ ես, թե՞ հայրենիքի զինվոր,
ցեղապե՞տ ես, թե՞ հերոս,
պոե՞տ ես, թե՞ դհոլչի,
թագավո՞ր ես, թե՞ ամեն դեպքում... »:
Պատերազմը քո ժառանգությունն է և քո կտակը
Ի սկզբանե և ի վերջո:
Կոմբինացիա N0 3 «Թոկից փախածը»
Աշխարհը երբևէ անմնացորդ գրաված Մեծիկների
երկնաքեր դամբարանաշարքը
աննկատ հասել է կոկորդիս:
Երեկ էր, հա´, 21:00-ի կողմերը,
ես ու Ալեքսանդրը քայլեցինք աշխարհի փողոցներով
և պարզեցինք իմ ու իր համար,
որ ոչ ոք հիմա Աստծուն դեմքով չի ճանաչում:
Խոստովանեմ, ինձ էլ է ժամանակին գայթակղել
խավարասերների անմնացորդ ու լկտի սերը կյանքի հանդեպ,
ես էլ եմ երբևէ ապրել
ոսկե մեդալների հնարավոր ծանրությունից
փաստացի կորամեջք:
Բայց քանի դեռ խաղը շարունակելի է
(անգամ երբ դու օրվա հերոսն ես )`
մնացյալը կուտ է և... միևնույնն է:
Դու ընդամենը
եսիմինչի սպասման հերթում ծնված եսիմով,
ասենք` միջին օղակի ինչ-որ մենեջեր,
դու այդպես էլ կմեռնես`
եսիմինչի մասին ենթադրություններիդ
ու եսիմինչի հանդիպման ականատեսը չդարձած:
Ու մինչ Աղոթքն ու Ճակատագիրը
միմյանց ձեռքից խլելով թերթում են կյանքիդ մնացորդները,
երջանկության փնտրտուքի հեռավոր ճանապարհներից
դու վերջապես տուն կվերադառնաս
միջինից ցածր եկամուտներով ու կիսաճաղատ:
Մի շաբաթվա մեջ կամուսնանաս
հարևանի տնական աղջկա հետ:
Հարսանեկան ավտոշարասյունը
հեզաճկուն կճախրի երկինքն ի վեր,
հետո ազատ անկման արագացումով*` երկիրն ի վար:
Կյանքիդ առաջին կեսը դու չես իմանա
արոտավայրում քեզ պահող թոկի ճշգրիտ չափը,
իսկ մի օր էլ, երբ որոշես չափել,
կպարզվի, որ այն ուղիղ կես մետր կարճ է...
անհրաժեշտից -
և այս աշխարհից խռովելու դեպքում
ուրիշ ոչ մի Փախչելու տեղ չի մնա
այն աշխարհից բացի:
Կոմբինացիա N0 4 «Փրկիչը»
Բա´րև, փոքրիկ... արի սրբեմ արցունքներդ:
Ու՞ր ես շտապում... հիմա ամեն տեղ էլ աշուն է:
Էլ չի ավարտվելու... ոչ մեկին չասես:
Ժամանակից վախենում են միայն մեռելները -
մեռելներից չես վախենում, չէ՞:
Գլուխդ դիր գրկիս... տաքը հաճելի է...
Ինչու՞ ես ինձ ասում արջուկ, երբ մրսած ես լինում:
Ի՞նչ կուտես: Լուսնին պակասող մա՜ սը.
հաճելի՞ է... ինչ տաք է... տաք է... մի ցավեցրու:
Հասար ինձ... գտար ինձ... բա ու՞ր եմ ես...
180 աստիճան աջ`
չկա,
180 աստիճանով առաջ`
չկա:
Փոքրի´կ, փոքրի՜ կ,
հերիք է գլուխկոնծի տաս, կա´նգ առ,
փակիր աչքերդ:
Ի՞նչ տարբերություն` ե՞ս, թե՞ դու:
Ի՞նչ տարբերություն` ե՞ս, թե՞ Աստված:
Ես ճախրել եմ այնքան, մինչ հասել ենք առաստաղին:
Առաստաղը կա... դու շոշափեցիր այն մեջքով:
Եվ չարժե վազել այն փախչողի հետևից,
ով վերադառնալու է վաղը չէ մյուս օրը
կամ էն մյուս.
նայած, թե երբ կհասնի սահմաններին...
քո և շարունակության:
Նա չի փախել:
Սպասի´ր, իջեցրու´ ատրճանակը քունքիցդ:
Կրակի´ր:
Շնչի´ր:
Ինչո՞ւ ես ինձ ասում կապույտ, երբ օդը չի հերիքում:
Չես վախենում, չէ՞, մեռելներից:
Շնչի´ր ինձ... արտաշնչիր քեզ:
Հողագնդի բոլոր խոռոչներում ընտրություններ են.
լինել-չլինելու վրա խախտված տիեզերագիտություն
և դրանից անտեղյակ` Տիեզերք:
Իսկ դու հոգնել ես և ուզում ես հավատալ
անխուսափելիությանը:
Հավատա:
Ե´Ս ԵՄ, ՈՐ ԿԱՄ:
Դու ուզում ես ինձ:
Մենք միշտ էլ թաքուն իմացել ենք դա:
Բոլորից թաքուն, երբ տանը մարդ չի եղել, չէ՞...
Ինչու՞ ես ծանր շնչում:
Ախ դու, վարդագույն կրունկներով իմ սպիտակ,
վրադ այդ ի՞նչ սև սուրճի հետքեր են:
Լսի´ր, դա մեղքի գույնը չէ՞ր,
բայց դու արնահոսում ես և... սև է:
Ինչո՞ւ ես ինձ կոչում անձրև, երբ ծարավ ես լինում:
Կարո՞ղ ես 15 վայրկյան չշնչել ինձ համար:
Գոնե 9:
Ժպտա քեզ հայելու մեջ. հիմա ավելի նման ենք իրար:
Կոմբինացիա N0 5 «Ինֆարկտ»
Փետրվարի վերջին կամ նախավերջին օրը
առավոտյան 5:30-ին
(մեր նախորդ հանդիպման ճիշտ նույն ժամին)
քնած քաղաքի սառցե փողոցներից
սառը-երկնագույն ճռճռոցով
նա համրաքայլ կգա
ու կմտնի ներս:
Կարծելով թե քնած եմ`
ձեռքը կերկարի սրտիս:
Հազիվ դիպած`
կբռնեմ ձեռքը:
Կձևացնի, թե ծածկում էր:
Քնքուշ ու անխռով կժպտա.
- Ոնց կուզես...
Քնքուշ ու անխռով կժպտանք:
- Ես միշտ էլ իմացել եմ, որ դու նման ես պապիս հորը:
0 աստիճանում անսպասելիորեն
հանում-գումարման և տառապանքի հավես չկա,
և վերջին հարցիս համար թողածդ վերջին ումպ թթվածինը
ես գերադասում եմ...
Լսի´ր, ինչ փափու՜ կ է չգերադասելը...
Ես քեզ վստահում եմ...
Տե´ս,
անվերջուսկիզբ դանդաղկոտությամբ
և ծիծաղելով մեռնելու չափ շռայլ`
ջրի երակները սառել են ապակուն:
Շարունակելի ջուրը արևի սպասումով խաղաղ ննջում է
և ծիրանագույն երազներ է տեսնում գարնան մասին...
- Մինչ դու ընդամենը 78 %-ով ես ջրից:
Դե լավ,
որ քեզ չմոռանա հանկարծ,
քո ոճի մեջ մի բան խզբզիր լուսամուտի ճերմակ եղյամին,
ասենք` «հա´, ի՞նչ կա որ» ու...
վերադառնանք:
------------------------------------
- ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
անտաշատ / ուղեցույց
բերքի տոն
զրո
ագռավաքար
պոեզիաթերապիա
|