- ԱԳՌԱՎԱՔԱՐ -

Ագռավաքար
Հայրենասիրական բնույթի
Հարևանիս
Վերևն Աստված կա
Պապենական գլխացավ
Միոտնուկներ
Էա. քարանձավաբնակ ծովաստված

 

ԱԳՌԱՎԱՔԱՐ
(ազգային հոգեվերլուծության սեանս)

Ընտանիք - աթարին կպած սեր, մեղրալուսին, հիպերտոնիա, անընդհատ շարունակելի վերջ:
Քար - պտղաբերության աստվածուհու վատ պահպանված մարմին, թարմ թխած հացի հոտ, հացը քիչ է, քարի մեջ արյուն կա:
Արծիվ - ժառանգական ճաղատություն, մարգարեական հեռատեսություն, կրծքավանդակի և ոտքերի առատ մազածած կույթը պատմականորեն ձևավորված իմունիտետ է քարանձավային մութուցրտի հանդեպ, խաբված լինելու անհաղթահարելի զգացողություն, անհուն հոգեմարմնական կապվածություն կարճատեսի ակնոցների հետ:
Գեն - հյուրասենյակից խոհանոց, խոհանոցից նկուղ
տեղափոխված մեռած մարդկանց նկարներ, խորոված միս, մոնղոլ-թաթարական արշավանքներ, կապույտ աչքերի և խարտյաշ մազերի ցեղական սպասում:
Տուն - վերադառնալու, թաքնվելու, մեռնելու ամենահարմար, ամենաանվտանգ, ամենատաք տեղը, հատկապես պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում:
Լեռ - ծովի բացակայություն:
Կարոտ - խոր աշնանային աչքեր, դուդուկի նվագ, ծիրանի չիր, կոտրված կարասի բռնակ:
Պատուհան - հարևանի մանկապատանեկան լվացք,
Ծիծեռնակաբերդ, 3-րդ պլան` Արարատ:
Արքա - Տիգրան Մեծի մետաղադրամ, քանդակներ նարդու վրա, 20 տարվա կոնյակի անվանում:
Հերոս - Վաղինակ Ճպուռյանի օրգանիզմ + Սասունցի Դավթի- երևակայություն:
Սեր- ուտեմ քեզ, թաղեմ քեզ, չունենամ քեզ:
Ճակատագիր - Դուբլ N 4499. տեսարան «Ծննդոց», էպիզոդ «Բուռ ու կես ջուրը»... 3-4` գնաց... թուու... ամբողջական բուռը թափվում է հրմշտոցի մեջ, կես բուռը հասնում է ինչ-որ մեկին, ով կորչում է ամբոխում... հետո նրա ձեռքում է հայտնվում բարձ րախոսը. «Մենք մեղք չունե´նք... ջրհեղեղից էս կողմ անձրև չի եկել»:
Ավանդույթ - սեփական յուղով տապակվելը 5-րդ անգամից հետո դառնում է անառողջ ապրելակերպի և ծերության նշա:

 

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ
ճամփորդական նոթագրումներ

Օր I

Ուստեն փող էր տվել, որ իրեն տանեն
տատի պատմած Էրգիրը,
բայց նրան տարան ցույց տալու Թուրքիան`
իր տուրիստական նշանակության ավերակներով:

Եվ չնայած ամեն 3 կիլոմետրի վրա
անալգին-դիմեդրոլային լուծույթով լցված շպռիցի պես
երկնքի քամակը կոխած մինարեթներին`
քրտնած, ջերմության ու դողէրոցքի մեջ վառվող Երկինքը
վերմակի տակից աչքով էր անում ուստին.
- Այ տղա Արա՜ մ, ի՜ նչ նման ես Նարոտ տատիդ:

Օր II

Հայրենիքը զոհաբերություն է`
հանուն հպարտությունից կտրվող շնչառության
և 2-րդ կարգի արիության մեդալ` ձախ ոտքի դիմաց:

Հայրենիքի չարն ու բարին հերոսական են:

Պարտված հայրենիքը`
խրամատների միջև ենթադրվող տիեզերական չոլ,
ուր ժամանակի հետ քարաքոսերն ուտում են
գլխատված Վահագնի գլուխը:

Օր III

Մենք շարունակում ենք հավատալ մեր հերոսական կռվին,
իսկ այդ ընթացքում
պզուկոտ տարիքի մի սիրահարված թուրք
«Մհերի դռան» վրա կարմիրով գրում է
«Ataturk+Akgul=Sevmek»
և դաժանորեն անմեղ ժպտում աշխարհին:

Օր IV

Կռունկները հայրենիք չունեն:

Օր V

Հոգեթելերում նվվում են
տատից մնացած երգից մնացած
երեք տողերը,
բայց մոռացված տողերի մասին ենթադրություններն
ավելի հուզիչ են:

Օր VI

12:30
Ուստեն քաղցր է տալիս ուղեկցող թուրք պատանուն,
շոյում է գլուխը... ձեռքն ակամայից իջնում է ականջին...
խմած` մեկին խոստացել էր դրանցից...
Ծալովի դանակի շրթունքն անընդհատ քոր է գալիս
արյունոտվելու ցանկությունից,
բայց այդպես էլ մնում է դեղձ-մեղձ կտրելով
ինքնաբավարարվելու հույսին:

16:50
Քյարիմի երկնագույն աչքերի մեջ շարունակվող
Նանոր տատի անաստված մնացած երկինքը...
փշաքաղվեց:
Տնագոմի առաջին քարաշարքի խաչքարը չծախեց.
թիթիզության գեները մատնեցին.
նրան տաքացնում է այն միտքը, որ քարը 30 ոչխար արժե
(Թանգյուլն արժեր 25...):

19:15
Թուրք սպասավորը ներս մտավ`
մատուցարանի մեջ մեր գառան տաք մատաղը,
որին մորթել էր քուրդ մսագործը:
Հա´, մենք վախեցել էինք արյունոտվելուց,
համ էլ ուստեն ասել էր.
«Աստծո համար մե՞կ չի` ով է մորթում»,
իսկ հիմա... ծամծմելով կուլ չգնացող միսը`
մտածեց վարպետ մսագործի մասին.
«Դե լավ, համոզեցի´ր, իմ փայ դրախտը` քեզ»:

20:08
Առաջին զանգը Երևան:

Օր VII
...............................

 

ՀԱՐԵՎԱՆԻՍ
(կենցաղային անհանդուրժողականության շուրջ)

Զարթուցիչն առավոտյան ֆիքսում է նրա տեղը
սննդային շղթայի մեջ:
(Զարմանալիորեն
ռազմական ոստիկանության
թոշակի անցած ենթասպաները
նույնպես կարևոր են կենսոլորտի համար):

Իբրև սկիզբ
մի աչքով կառչած վայրկենացույցին`
մյուսով կեսժպիտ ճախրում է անհորիզոն ծովում`
ճերմակ առագաստներով նավը պաշարած
թռչնաձկների հետևից:
Ներշնչելով աղեբույրա-ձկնահամ սառը թթվածինը`
ծխա-գինե-կարիեսային ընթրիքն է արտաշնչում:

Զարթուցիչը բզում է.
«Անդո´, հիշիր անունդ,
տարիքդ, ամիս/ամսաթիվը, աշխատավարձիդ օրը,
երջանիկ կամ դժբախտ լինելու պատճառներդ,
օրգանիզմիդ յուղոտվածության, քրտնածության,
թեփոտվածության և մազակալածության աստիճանը,
երկրիդ պետական կրոնը,
կողքիդ 38 տարի մեռած և մեռնել շարունակողի
քնքշանունը:

Ճուտի՞կ, ձուկի՞կ, փիսի՞կ, խոզու՞կ...
- Հա´, էսօր երևի խոզուկ:

(Ինքնախաբեության ամեն մի չհաջողված ակտ
թաքուն ավելացվում է խմելու առիթների ցանկում,
քանզի «խոզուկի» անցանկալի մազածածկույթը չի գցում
վերջինիս ցանկալի վայրերի
պատմականորեն գայթակղիչ հմայքը,
երբ Անդո ձյան խմած է լինում):

Եվ այսպես,
իր կարծիքով ոչ մի կապ չունենալով
այն չոր վիճակագրությանը,
որ ընտրազանգվածը շարունակում է բթանալ
ժամում 1254 քվե արագությամբ,
ամեն մի սովորական, օրացուցային առավոտ,
երբ առանձնապես չես տառապում
տեսակի պահպանության և բազմանալու
անհրաժեշտությունից,
երկրի հետ բախվել պատրաստվող երկնաքարերի
և չափից դուրս հողատարածք զբաղեցնող
գերեզմանոցների շուրջ սարքվող աղմուկից,
հեռու...
հեռվանց հեռու,
անհաղորդակից
ինքն իր կյանքով ապրել շարունակող օրգանիզմի
և իր չտեսած ծովի լազուրում թափառող հոգու
արտաամուսնական կապին,
ծուլորեն... անդրշիրիմյան...
հետմահու անշտապողականությամբ,
ավերակներ հիշեցնող իր անկողնում թավալվելով`
նա համոզված է,
որ մի պատ այն կողմ
ես ավելի երջանիկ եմ,
քան ինքը:

 

ՎԵՐԵՎՆ ԱՍՏՎԱԾ ԿԱ

Մորս աղոթքներով
եղբորս գործի ենք տեղավորում,
ինձ ազատում, տանում ենք ավելի լավ գործի:

Մորս աղոթքները
պաշտպանում են մեզ չար աչքից, չար մտքից,
չար խոսքից, չար գործից,
վատ մտքերով վատ աղջիկներից
(լավ էլի, մա´մ):

Մորս աղոթքները
օգնում են, որ «էս նոր» վիրուսներից չընկնենք,
եթե ընկնենք էլ, շատ չտանջվենք,
եթե մի թեթև տանջվենք էլ` դառնանք Բուդդա:

Մորս աղոթքներով
մենք ամեն օր ոչ թե գործից տուն ենք գալիս,
այլ տուն ենք վերադառնում
աններելի և անմարդկային հեռուներից:

Մորս աղոթքները
միջնորդում են, որ մեզ բանակ չտանեն,
եթե տանեն էլ` կռիվ չլինի,
եթե լինի էլ... թուրքի գնդակն անցնի 15 սմ-ի վրա:
(կներես, էս մեկի մասին չէի պատմել, մա´):

Մորս աղոթքները
օգնում են, որ կապույտ մոլորակի նավթը չվերջանա,
Երկրի հետ բախվել սպառնացող երկնաքարերը
շրջանցեն այն,
Արևի վրա ջրածինը շարունակի լույս դառնալ
գոնե առաջիկա 45 տարում:

Ի՞նչ ես պապանձվել,
պատուհանից դուրս նայիր,
կամ միացրու վերջին լուրերն ու տես,
որ մորս աղոթքներն իրոք Տեղ են հասնում.
ուրեմն... «Վերևն Աստված կա»:

 

ՊԱՊԵՆԱԿԱՆ ԳԼԽԱՑԱՎ

Պապիցս երկու հեքիաթ է մնացել,
(մեկի սկիզբն եմ հիշում, մյուսի` վերջը)
ու այս անտերուդուս գլխացավը:

Այն հաստատ ինչ-որ մութ կապ ունի
աստղերի դիրքի ու նման բաների հետ:
Սկսվում է մեկ էլ գիշերվա կեսին.
նա
ինձ շալակած դուրս է հանում տնից`
հիմնականում ոտքերիցս բռնած,
ու քարշ տալով տանում`
գլուխս քարերին խփելով,
դուրս է հանում թաղից, քաղաքից, մոլորակից...
ու տանում, տանում, տանում է:

Լռին, կորամեջք, համբերատար,
առանց ծպտուն հանելու,
առանց ծանոթներին բարևելու,
առանց ծխելու համար դադարների,
տանում է ծուռտիկ-մուռտիկ
սարի ճամփեքով վեր,
սարի ճամփեքով վար...
- Տե´ս, տե´ս ջահել,
էս իմ սարքած աղբյուրն է,
էս իմ պատած վանքն է,
էս իմ կառուցած տներն են,
էս իմ շինած գերեզմաններն են...
- Պա´պ, ա´յ պապ,
գիտեմ, հիշում եմ, կանգնիր,
մենակ եմ հետ դառնալու,
մութ է...
.........................................................................
Առավոտյան հետ եմ վերադառնում
սուս ու փուս... հազար ու մի գործ կա... զզվել եմ,
մինչ նա իր հայրենի գյուղում թաղված է իր համար-
այնքան հեշտ, որ նախանձից ապրել չի լինում:

 

ՄԻՈՏՆՈՒԿՆԵՐ
ազգային-ազատագրական

***
Նաիրյան դալար բարդու-բարդու-բարդույթի
հաղթահարման մոտիվներով
սեքսուալ հեղափոխություն:

***
Երկնաքեր լեռների գագաթներից գլորվող,
դարերի մեջ խորխորատներ փորած
լեռնային գետակի պես...
ամեն գնով ջոկ-ջոկ ծովին հասնելու
զուտ հայկական մարմաջ:

***
Կհավաքվեն, կգոռգոռան,
քաջ տոհմի մասին երգը կերգեն...
կցրվեն տներով:

***
Մա´րդ, որ թոքերիդ ամբողջ ծավալով երբևէ շնչած չկաս.
պատկերացնու՞մ ես, թե ինչքան թթվածին ես խնայել
մարդկության համար
և ինչքան դառը պատմություններ ու երգեր ավելացրել
կիսատության մասին:

***
Դու Խոզ ես. դու ծնվել ես բալետի համար:

***
Վարդագույն քաղաքի վրա մի մատ թոզ էր նստել:

***
Այստեղ փողոցներում մարդիկ այնպես են քայլում, ասես
(չգիտեմ ամոթխածությունից,
թե առավել տառապած թվալու համար)
ամբողջ աշխարհից ուզում են թաքցնել,
որ գիշերները քնում են իրար հետ:

***
Փոքրիկ մարդկային երջանկություն` ծվարած 8-րդ հարկում.
Արարատին նայող լուսամուտ, հեռուստացույց, դիվան,
Ծովինար անունով ոսկե ձուկ,
թաքուն ուրախություն, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում
հայ էմիգրանտների վիճակը հեչ լավ չի հիմա:

***
Ես հայ եմ:

 

ԷԱ. ՔԱՐԱՆՁԱՎԱԲՆԱԿ ԾՈՎԱՍՏՎԱԾ

Մինչ
բազմաթիվ կանանց և տղամարդկանց միջև
անընդմեջ
հեշտ սկսվող և դժվար ավարտվող
խառը պատմություններից անտեղյակ,
վաղորդյան խոնարհ արևածաղիկներից
դու կաթեցիր,
ցողի՜ կ,
ու նարինջ դեղձենիների տակով անցար
վերջին անգամ քեզնով
կամ կյանքա-սերա-լույսախառը
լցնելով նախապապիս փորփրած
առվափոսերը:
Խունջիկ-մունջիկ անելով քարե վիշապիկների հետ,
նրանց ողորկ կողերին քսմսվելով,
լկստվելով,
ինքնամոռաց,
ալեծփիկ,
գալարվեցիր...
Մի օր էլ
հանկարծ
ալիքվեցիր
ինչ-որ տեղ Հնդկական օվկիանոսում`
հեռավոր, անհուն, անանուն:

Ու մինչ քառորդ հավերժություն
խմորվում էր տիեզերքում դեռ անուն չունեցող
կարոտը,
ես խեցեղենից հինգ պարույր
հասակ առա քո խորքերում,
իսկ դու
չդիմացար, չսպասեցիր,
արևայրուքներից
ավանդեցիր հոգիդ արևաստծուն,
գալարվեցիր նրա հետ երկնային սավանների վրա,
խելակորույս թավալվեցիր նրա հետ`
կյանքոտելով դեռևս անաստված
տարածություն ու ժամանակ,
Էա´,
դու` ճերմակ առագաստանավ,
աղջիկ, կետադելֆին, ճայ,
երբևէ բառերի մեջ չառնված երգի կանխազգացում
Էա´ -
ամպի՜ կ,
կենսոլորտի սահմանները պարագծող
թաց քնքշություն...
Աղջկական նազանքներով,
ինքդ քեզ շոյելով
ծուլորեն,
մշուշված ու քնատ
սահեցիր, սառեցիր,
գգվեցիր, գրկեցիր,
ննջեցիր,
հյուսիսային սուրբ լեռան գագաթին
իմ ծնունդից անհնարին շատ տարիներ առաջ,
սառցե ճերմակավոր ջրափոշի
Էա´ -
Ձյունի՜ կ:

Ես հիշում եմ քո այն երազը,
որի անունը ջրաշուշան դրեցինք,
և դեռ երկնագույն էին այդ ժամանակ
ինձ պես ծովագռավները:

Հետո քո մենության
և իմ տունդարձի
ժամանիվը
գլորվե՜ ց,
գլորվե՜ ց...

Մինչ իմ սերմերը թրև էին գալիս անապատներով,
մինչ իմ սերմերը պարում էին թեթևսոլիկ քամիների հետ`
անդրաշխարհի մթնում մոլորվելով
հետ չէին վերադառնում
կամ գալիս էին իբրև բարբարոս խառնածիններ`
դու սուրբ լեռան գագաթից
կամացուկ,
կաթեկաթ,
շշուկով,
հորդեցիր
ինձ փնտրելու`
քեզ խցկելով ամեն քարի ու դարի տակ`
շոշափելով, հոտոտելով, լիզելով,
աշխարհում իմ գոյության աղակալած հետքերը,
իմ ժայռափոր մտքերը
ու դեռ չգտած իսկ արդեն սպասումի դողից
քառսուն պտկունքդ ակնախնձոր
ծորում էին կաթնահունց սիրո կենսահյութը,
Էա´ -
անձրև՜ :
Ես լսեցի քեզ.
«մի քիչ էլ մնա իմ մեջ, մի քիչ էլ... »:
Ես շնչեցի քեզ-ծովը:
Էա՜ :
Այդ օրը ծնվեց առաջին երգը
քարանձավաբնակ
ծովապաշտների:

------------------------------------
- ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

անտաշատ / ուղեցույց
բերքի տոն
զրո
ագռավաքար
պոեզիաթերապիա