Պոեզիաթերապիա
Crisis
Մխիթարվիր
Սպասում
Կանգառ
Մոտավորապես կյանք
Աղմուկ
Աչքաուլունքներ
Անապատ
Քո միջև
Միամիտք
Կյանքը շարունակվելու սովորություն ունի
Աշխարհը փրկելու փորձ
Ավազե մանդալներ
Պոեզիաթերապիա
CRISIS
Սև կավ, կարմիր արյուն:
Կյանքը սիրում է իրեն նայել կողքից:
Սև անձրև, կարմիր ձկներ:
Մահը համբուրվել է սովորում:
Սև ձի, կարմիր լուսին:
Կյանքը կրծում է եղունգները:
Սև աստղ, կարմիր երկինք:
Մահը նշան է բռնում ամբոխի վրա:
ՄԽԻԹԱՐՎԻՐ
Դեկտեմբերի կիսամերկ ծառերը
իրենց երերուն ոտիկներով -
անկումի հարվածն առաջինն են ընդունում
բարալիկ մատիկների վրա`
մի կերպ գլխավերևում պահելով
երկնային ավերակների անդառնալին:
(Կարող է լինել կանխամտածված կամ պատահական):
- Դեռևս մի մարդաբոյ կա... մխիթարվի´ր:
Կողպեքների բաժնում վաճառվում է
սեփականության իրավունք,
անվտանգություն, ապահովություն, վստահություն,
երկար տարիների երաշխիք.
ա´յ... զենք և զինամթերք չի´ վաճառվում:
(Պատվո սպանությունը ընտանիքի իգական սեռի անդամի սպանությունն է` ընտանիքը պատվազրկելու մեղադրանքով: Որպես պատվազրկում սովորաբար ենթադրվում է ամուսնական անհավատարմությունը):
- Կարմիրի դոզան չի ուշանա... մխիթարվի´ր:
Ատամհատիկիդ օրը դու ձեռքդ երկարեցիր ինձ,
իսկ ես կյանքումս առաջին անգամ
համարձակվեցի ճակատագրական լինել:
Թեկուզ ստվարաթղթե, այնուամենայնիվ, զինվոր,
քեզ համար մեռնելու մտքից շիկնելու ընդունակ,
շոշափելի, տեսանելի,
խրթխրթան ու ջերմամեկուսիչ գոյաձև,
որպիսիք անուշահոտ յուղերով,
մեղր ու պոպոքով օծվելուց հետո
ընտիր վառվում են լիալուսնի ֆոնին:
(Որոշակի կրոնական արարողակարգով
զոհին կյանքից զրկելը կոչվում է ծիսական սպանություն):
- Սիրել նշանակում է` ուտել կամ կերված լինել...
մխիթարվի´ր:
Մինչև կոկորդը շինանյութի բիզնեսում խրված անտուններ,
որ արթնանում են աջ ոտքի վրա,
վախենում են վատ երազներից,
չշնանալու հաշվին փող են տնտեսում,
հաճույքով ուտում են հանապազօրյա լոբով ապուրը,
սիրային ոտանավորներ են անգիր անում,
հավատում են կարմիր վարդերի մոգությանը,
փորձում են ծխելը թողնել,
քվեարկում են իշխանության թեկնածուին,
2-րդը խմում են ընկերության կենացը,
վախենում են «դավաճանություն» բառից,
աղոթում են,
և չեն սպանում... ինչ էլ լինի, չեն սպանում:
(Կազմակերպված կոչվող սերիական մարդասպաններն
ունեն զոհի հետապնդման և սպանության
գործողությունների հստակ պլան):
- Ամեն ինչ անցողիկ է... մխիթարվի´ր:
Փլվեց:
Տարօրինակ տաք է:
Միամիտ մի տարեկան ճնճղուկները
օդի մեջ ցնծությամբ որսում են
առաջին ձյան փարթամ փաթիլները:
Այսքա՜ն շատ կուտ ու ոչ մի կերպ կշտանալ չի լինում...
- Վերևները բնակեցված են կատակասերներով...
դիմացի´ր:
ՍՊԱՍՈՒՄ
Ինչ ազատ է օդը ջրհեղեղից առաջ,
ինչ թեթև է օդը ջրհեղեղից առաջ.
հատկապես այն մտքից,
որ հիմա ինչ-որ տեղ
իր առաքելությանը հավատարիմ մի Նոյ
աշխարհը փրկելու պատրաստություն է տեսնում,
և նրա ճակատագրական ցուցակներում դու չկաս`
ինքնաոչնչացման ակնհայտ վարքագծով պոետոզավր:
Նախաջրհեղեղյան խոնավ մթան մեջ
թախիծը աղվամազոտ տառապյալներ է որսում,
քրտնած լուսամուտների հետևում
ժամսլաքի ուղղությամբ անշտապ մերսում
սկսնակ պոետների քունքերը`
նրանց ականջներին տաքուկ փսփսալով
«Սեր» բառի բազմակի հոլովումներով
սրտաճմլիկ բաներ:
(Խուճապի մատնվելն այնքան հեշտ է-
մենք բոլորս այնքան վաղուց ենք սպասում,
որ արդեն մոռացել ենք` ինչի):
Մանուկ հասակում մարդկությանն այցելած
աշխարհի վերջի մասին սարսափելի երազները
դեռևս շարունակում են «բօ» անել
ամեն հարմար առիթով,
ամեն անձրևից առաջ... էհհ...
ջրհեղեղի վախից մեզ միայն ջրհեղեղը կփրկի,
որն ուշանում է:
Օրվա գյուտը.
մեդիտացիայի համար ամենահարմար տեղը
ատամնաբույժի աթոռն է:
Անձրևի տակ մոռացված թվանոց դագաղի կափարիչը
անջրաթափանց է ու մեծամիտ:
Աղբահանության ոլորտում զբաղված մեկը
մթան մեջ դատարկ շշերը ձայնով տարբերելուց
մասնագիտական բերկրանք է ապրում:
Մարդավարի հղի մի Աստղիկ հաշվարկում է,
որ այսքան թրջվելուց հետո հաստատ ջրհոս է ծնվելու:
Բազմահազար պատշգամբներում
գլխիվայր թառած չղջիկները
դանդաղ սկսում են ամանորյա բաստուրմայով լցնել
Սուրբ Ծննդյան անցուդարձն ու այս անգամ էլ,
ինքնասպանությունների դեմ պայքարի
միջազգային օրվա առթիվ,
ջրհեղեղը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Սպասո´ւմ ենք:
ԿԱՆԳԱՌ
Սպասում ենք: Ծխում ենք: Ամառ է:
(Աչքը անկուշտ է, աչքը ծակ է ու անկուշտ-
աչքը սիրում է վերևից բացվող,
կողքից կոտրատվելով անցնող
և քրտնած,
կիսախավարի մեջ հազիվ շոշափելի
տեսարանները):
Սպասում ենք: Ծխում ենք: Ձմեռ է:
(Ամենամենակը, ամենաավելորդը,
ամենաանկապը վերջին վերարկուներն են
իրենց տերերից հետո):
Սպասում ենք: Ծխում ենք: Գարուն է:
-Չե՞ս շոգում էդ ծանր վերարկուով:
Լռում ենք:
Ծխում ենք:
Նա հոր մահն է սգում,
իսկ ես գնում եմ դեկորատիվ նռան տնկի առնելու:
ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ԿՅԱՆՔ
հիշողություններ պալատական նկարիչների խցից
Ամիսը մեկ անգամ մայրական կաթ,
մնացած ժամանակ`
ըստ հայրենիքի հաստատած ճաշացանկի:
A4 ֆորմատի վրա երկնած սրտաճմլիկ գեղեցկություն`
կես հացի, 2 ձվի, մեկ տուփ հալած պանրի
և 3 օրվա անվտանգության դիմաց:
Մոտավորապես բավարարում
շրթեշուրթ անցած ծխախոտով,
և սուրճանման մի բան առանց շաքարի:
Լրիվ կանոնադրական,
մոտավորապես խանդավառ դեմքի արտահայտություն`
տասներորդ անքուն գիշերը չմատնելու համար (բոզերին)...
Աչքից հեռու անիմաստ հառաչանքներ
ամսագրերի vip գեղեցկուհիների թեմայով.
մոտավորապես տղամարդ մնալու մարմաջ:
Մոտավորապես ախպեր տղերք`
սեղանակից, բաժակակից, անկողնակից ու բախտակից,
ում ստերին կարելի է անկեղծորեն հավատալ
և ում` անկեղծորեն խաբել`
ինչ-որ տեղ լկտիաբար առանց մեզ շարունակվող
«իսկական» համարվող կյանքի մասին:
Իմ ստիպված ընկեր,
ես գիտեմ, որ վախենում ես նայել հայելու մեջ.
ա´յ տղա, էնքան ես նիհարել,
որ շորերիդ կեղտն արդեն քսվում է հոգուդ:
Երբ դատարկենք էս մոտավորապես
(վայ տատի, ես քո քաշած...) արաղի շիշը,
կխոստովանեմ, որ... գիտեմ:
Լսի´ր,
բոլորին սիրելն ամենամեծ մեղքն է,
եթե Քրիստոսը չես...
Իմ ճերմակավոր ընկեր,
մի օր, երբ քեզ ներեմ այս անդունդի հատակին
ինձ էլ` պարտված, կեղտոտ,
«ճ» կարգի կրտսեր սերժանտիս
սիրած լինելուդ համար,
ու մի օր, երբ դու ներես ինձ
Աստծուն հայհոյելիս քեզ տեսած լինելուս համար,
կնստենք, կխմենք իսկականից, մարդավարի,
կհարբենք իսկականից (իմ հաշվին)
և միմյանց ու Աստծուն խաբած չլինելու համար
լաց կլինենք իսկականից
մեր էս մոտավորապես ապրած ժամանակի...
կարոտից:
ԱՂՄՈՒԿ
Անտաշեն ամրոցի գծագրերը ծոցագրպանումս`
շվշվացնելով ֆռֆռում եմ
այս անտեղի քաղաքի մազանոթներով:
Ինձ թվում է` զուգահեռաբար նրա Ա կետից Բ կետ
ինչ-որ բան եմ տեղափոխում...
Ի՞նչ... տնտեսական ակտիվություն,
դե չգիտեմ... երևի
փող, շահագրգիռներ, քվե, գլխաքանակ, աղմուկ,
որ հեռվից տեսանելի ու լսելի դառնա`
այստեղ բազմաթիվ մարդիկ են աղմկում,
այսինքն` այստեղ բազմաթիվ մարդիկ են ապրում:
Հա´, ես սպառում եմ հայրենիքի արտադրած
հացն ու մածունը,
ես քաղաքական, տնտեսական և կրոնական սուբյեկտ եմ,
ես նպատակային լսարան եմ,
հսկայական ինստիտուտներ են աշխատում
ինձ զարմացնելու համար,
ինձ ամեն քայլափոխի ամրապնդում են,
բոլոր օրենքներով - հրաշալի է.
չէ՞ որ ես ծերանում եմ հայրենիքի համար,
իմ անունը կա հայրենիքի բոլոր ցուցակներում,
և ամեն անգամ ինձ կորցնելիս ես շտապում եմ այնտեղ...
(Օրվա ճշմարտությունը`
ամրոցս Բ կետի ֆոնին հե´չ չէր նայվի):
Մենակյացի համար տարօրինակ չի՞
ամեն անգամ սեփական դռան զանգը խփելը:
Հատկապես, երբ հենց նոր ես գտել քեզ ցուցակում
ու սեփական աչքերով համոզվել`
դու կաս:
Բայց ա´յ ...
ծոցագրպանիդ շարունակելի առկայությունը
ամեն ինչ փչացնում է:
ԱՉՔԱՈՒԼՈՒՆՔՆԵՐ
***
Հո, հո, հոոոոո...
+37 Co մարդկային գոլորշին
և արևի մասին հիշողությունները
օգնում են հաղթահարել -42Co անմարդկային ձմեռը:
***
Ավելի քան ես... ավելի քան դու... մնաց 4 ամիս:
***
Երկու հայացք տիեզերական անհունի մեջ անհույս,
աստվածայինի և հավերժի գոյության նշույլներ
(այսինքն` միմյանց) որոնելուց հետո,
հանկարծ լրիվ պատահականորեն,
մայիսի առաջին երկուշաբթի կեսօրին,
մեծ թվերի օրենքով առաջին և վերջին անգամ
Օպերայի խաչմերուկում դեմառդեմ են դուրս գալիս և...
ուշադրված «Անուշ»-ի անոնսի տակ գարնան կանչով
միմյանց անամոթաբար (բայց կրքոտ) սիրող թափառիկ
Չալոյին ու Սևոյին`
անտարբեր անցնում են իրար կողքով և...
շարունակում փնտրել, փնտրել, փնտրել...
***
Եվ գալիս է այն պահը, երբ տեսակը որոշում է
չպահպանվել... ու նախաճաշին հրաժարվում է
օրակարգային ձվածեղից:
***
Բնությունը տղամարդու համար ստեղծել է փիլիսոփա
դառնալու անչափ բարենպաստ պայմաններ,
կամ ուր են քշում քեզ մտքերդ կանանցից հետո:
***
Ավելի շուտ 8:15 է, քան առավոտ:
***
Սիրտդ ուզեց... թուքդ կուլ տվեցիր... անցավ:
***
Սեր, սիրո բացակայություն, սիրո նման մի բան:
ԱՆԱՊԱՏ
(Ամենավերջում սատկեց Խուճուճ ուղտը:
Ես կկարոտեմ քեզ Խուուուճ... դավաճա´ն Խուճ,
երկու ամիս էլ ձգեիր, կտեսնեիր տիրոջդ փառքը:
Հե՜յ, բայց դու ինչ գեշ աղջիկ կլինեիր,
քեզ չէին սիրի... վե´ր կաց:
Ինձ մենակ թողեցիր անապատի հետ, Խո՜ւճ...):
«Քո ընտրությունը դեռևս քո ազատությունը չէ,
քո ընտրությունը հեռուն է,
ուր աշխարհի բոլոր ծեր ու ջահել ճանապարհները
մի օր դանդաղ սկսվում են լղոզվել իրար:
Ոտքերիդ տակ և հեռվում ենթադրվող
ինչ-որ ահավորության ավազե փեշերի միջև
անաղմուկ ճխլվում է
ութաձև հետագծերով քեզ հետևող անցյալը:
Սկսվում է:
Առաջին օրերին անապատը քեզ համար կհագնի այն գույնը,
որից դու վախենում ես ամենից շատ
ու վախենում ես, որովհետև ինքդ էլ կարմիր ես ներսից:
Դու, որ կյանքի և մահվան էարար կպչունությունը հերքեցիր,
որ զրոյից առաջ գոյություն ունեցած բաներ հիշես,
հիմա մի քանի վայրկյան փակիր աչքերդ,
ու թող քամին քշի այն, ինչ մնաց -
աղմուկ, բառեր, պայմանականություն:
Դու և քո աստվածն էլ չեք ամաչի իրարից
միմյանց գոյության համար:
Իսկ հետո, երբ թոքերիդ նստի
կարմիր ավազի հավերժությունը`
դու կմնաս անուղի, անստվեր, անաստված, անէ...
Քեզ համար անապատն էլ չի ավարտվելու,
և դու կդառնաս նրա շարունակությունն
իրենից և քեզնից հետո,
մինչև որ մեկը հետաքրքրասիրությունից
գլխիվայր չշրջի
քո մարսած ճշմարտությունների
ավազը` ժամացույց:
(Քո ընտրությունը դեռ քո ազատությունը չէ.
ինչ էլ լինի, աչքերդ խնայիր, մարդ ես, է´լի)»:
Մեհենագիր արձանագրություն /
անտաշատի մերձակայք, նախկին անապատ
ՔՈ ՄԻՋԵՎ
Օրեցօր, օրըստօրե, օրնիբուն
փրկության ուղենիշ է դառնում Քո լույսի առավոտը:
Այն բոլոր նյարդիկները,
որ գիշերները ոռնալու չափ ցավոտ են,
միայն քո առավոտն է 50 գրամ սիրով բժշկում, Տե´ր...
Ինձ էշի տեղ դրած`
Քո արարած գիշերից փախչում եմ Քո արարած առավոտը,
ես Քեզնից փախչում եմ Քեզ մոտ
ու Քեզ օրհնելով քֆրտում եմ Քեզ:
Արյունդ, որ Սերն է, ես խմեցի ցմրուր,
ագահորեն,
մի շնչում
ու թվաց ինձ մի պահ,
որ ես դարձել եմ ԴՈՒ.
էս ինչ լավ է հնչում.
«ԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՄ Դ´ՈՒ»,
և ե´ս եմ Սերը... գոյական:
Հիմա խումհարի մեղսավոր ծանրության տակ
տնքում է անսեր մնացած արյանս ամեն մի կաթիլը,
ու ինչպես երկնքից ամեն դեպքում ընկնող ձյան փաթիլը,
ձևացնում եմ... պարում եմ... անկումս
Քո գիրկը:
ՄԻԱՄԻՏՔ
(թեմաներ մեդիտացիայի համար)
***
Կյանքը գոյության տեղական նշանակության դրսևորում է:
***
Մարդուն մարդ է պետք, ծայրահեղ դեպքում` շուն:
***
Գնալով պակասում են այն առիթները,
երբ մարդիկ դիպչում են իրար:
***
Մարդիկ լռում են:
***
Միայնակ մարդիկ պետք է լավ սնվեն:
***
Ամբողջ աշխարհը բնակեցված է ուրիշ մարդկանցով:
***
Աշխարհում նեղվածք է հիմա. դեպի ներս եմ ապրում:
***
Փոս, փոսի բացակայություն, փոս:
***
Մահվանը կեսժպիտ աչքով անելու չափ հաճելիորեն դատարկ:
***
Ես էլ եմ սկիզբը աղոտ հիշում. ես էլ եմ շարունակությունից:
***
Աշխարհի վերջի հետ կապված պլաններս փոխում եմ:
***
Գոյը կտրտվում է հակագոյով:
***
Անգոյությունն ամբողջական է:
***
Ջուրը կհիշի բոլորիս:
***
Տիեզերքը համակերպվում է մեզ հետ.
ժամանակ է պետք:
ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Կապտա-մոխրագույն մոլորակի
միջինից ցածր եկամուտներով 2-րդ հանրապետության
12-րդ մայրաքաղաքի
3-րդ թաղամասի
1-ին փողոցի
26-րդ շենքի
3-րդ հարկի
54-րդ բնակարանի
միակ խոհանոցում
երկու մոծակ
մտմտում են մի շատ կարևոր գործի շուրջ.
- Սե՜րը, ջա´ն... ախր դա շա՜տ հեշտ բան է:
Այնքան հեշտ կսովորես,
որքան ծիծեռնակները սովորում են թռչել,
որքան ամպերն անձրևել են սովորում,
որքան...
- Էէ՜հհհ, Լյո´վ, էսօր հեչ թռչելու հավես չկա...
(Մատչելի անհասանելիության պատրանքը
մտնում է խաղի կանոնների մեջ):
(Շարունակվելու համար կյանքը դիմում է
դերասանական էժան հնարքների):
- Լավ, էս հին երգ էր, բայց...
մոլորակն ինչու՞ է կապտա-մոխրագույն դարձել:
- Եսի՞մ... երևի սցենարով այդպես է:
- ՀՈՒՍՈՎ ԵՄª ՍՑԵՆԱՐՈՎ Է ԱՅԴՊԵՍ:
ԱՇԽԱՐՀԸ ՓՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ
(ինչ անենք` ապարդյուն)
Աշնան վերջին օրը` որբ, անլվա ու մերկ -
Վերարկուի պես սերը գցեմ ուսին...
Աշնան վերջին օրը` գորշ, անթրաշ, սոված -
Հացի փողի նման սերը դնեմ ափին...
Աշնան վերջին օրը` տխուր, հուսալքված -
Էժան գինու նման սերը լցնեմ` խմի...
Աշնան վերջին օրը` լքված ու ինքնասպան -
Սերն ամեն դեպքում հետը ճամփեմ...
հատված
ԱՎԱԶԵ ՄԱՆԴԱԼՆԵՐ
***
Մինչև ականջախեցիները լռությամբ լեցուն
սենյակիս մեջ
ես լսում եմ` ինչպես են հեռավոր օվկիանոսի սև խորքերում
սեր անում երկնագույն կետերը
ամեհի և քնքուշ ծվվոցներով,
և իմ մեջ թրթռում է ջուրը-սեր:
Սերը պարուրաձև ալիքներով ծավալում է տիեզերքը...
Երբևէ կարևոր եղած մարդկանց մահվան դիմակների վրա
կյանքը քթի տակ ժպտալով խաչակնքում է
կանաչ-կարմիր քարաքոսերով,
որ դեռևս հիշում են արևապաշտությունը:
***
Հանուն ծիսակարգի ես միշտ շիկնում եմ
քո մեջ մայր մտնելուց առաջ:
Մայրամուտի հավերժալույսի վերջին ճառագումի հետ
սահում է հայացքս հորիզոնի գծով`
լիզելով հեռավոր լեռների գագաթները...
Երկնքոտ ամպերը մեղմ գալարվում են իմ շնչից,
ես շոշափում եմ օրվա մարող զարկերակը,
որ մահ չի գուժում բնավ,
այլ փափուկ ու քնքուշ զգուշությամբ տարրալուծում է
մենավոր ինքնորոշման մեջ տառապող
առանձնյակների կենսոլորտը...
փակ աչքերով սիրուն տրվելու գիշերով:
***
Գլուխս պտտվեց Ծիր կաթինի ուղղությամբ:
Դու աչքով արեցիր կարմիր ու տկլոր շշերի հետևից...
-Լսի´ր, ի՞նչ ես անում այստեղ, սա ի´մ երազն է...
շփոթից թափեցի ապրած օրերի աղը...
- Խա´չ արա, խա´չ արա... քանի վերևներում
չեն խառնել մեր մեղքերի հաշիվը:
Եվ ուշադիր եղիր քնելուց առաջ...
ես գիտեմ` հենց քնեցիր` սերը աղոտ մատներդ
թաքուն բերանն է տանելու էլի:
***
Կանգառային սիլի-բիլին
շարունակում է համեմել սպասումը
նրանց, ովքեր շտապում են
ու, մեկ է, չեն հասցնում ապրել
իրենց ժամանակը:
Էվոլ յուցիան արագացման հակում ունի.
երևի հենց դո´ւ էլ չես հասցնի
վայելել կրկնվելու հաճույքը:
Քո տեսակի մեջ վերջինն ես մնացել:
Շտապի´ր...
***
Մեր ճանապարհներն ու մտքերը շրջագծված են
սոցիալական խավերի,
կարգավիճակների,
դրամական հոսքերի
ու կրկնվող ճակատագրերի վիճակագրությամբ,
բայց դու բացառություն ես:
***
Հույսդ և հուսալքությունդ էժան մի ծախիր.
աստվածները քմահաճ են:
Դու քո քարքարոտ կավահողը հերկիր.
ինչ լինելու է, թող լինի:
***
Ճանապարհը գալիս է հորիզոնից
ու կորչում հորիզոնում.
նույնիսկ ստվերդ քո մշտական ուղեկիցը չէ,
բայց ամենուր,
ամեն քայլափոխի,
ամեն ներշնչումի և արտաշնչումի հետ
քեզ ուղեկցում է,
քեզ հետևում է,
քեզ պատում է,
քեզ դանդաղ հեռացնում է քեզնից
մեծ ճանապարհի փոշին:
***
Հայր,
եկել է ժամանակը,
ասա´ նրանց
այնպես,
իչպես դու ես սիրում ասել.
փողոցային աղմուկի մեջ
տաք շշուկով
ականջից ներս
(տպավորիչ երևալու համար)
խորհրդավոր և ծորուն
- ԴՈՒ´, Դու´, դու՜...
լավագույնն իմ արարումներից,
առաջիններից մեկի արյունակիցն ու
վերջիններից մեկի նախապապը:
Հերիք է մահը թշնամի սարքես կյանքի համար:
Լրացավ քո ժամանակը,
բայց ես դեռ հո կա՞մ...
***
Ես ապրում եմ ինչպես ծառը շշի մեջ,
ինչքան որ արմատներս փորձում են Քեզ հասնել
և ինչքան փորձում են Քեզ շոշափել ճյուղերս,
այնքան սեղմվում եմ իմ պարզ ուրվագծին:
Սահմաններիս մեջ ինձ տարրալուծում է
Քո կարոտը:
Ես դառնում եմ միատարր ու համասեռ:
Առայժմ սննդարար եմ ու գոյատև,
հետո... կդառնամ դառնահամ,
հետո... կդառնամ թունավոր,
հետո... կդառնամ թափանցիկ,
հետո... կլռեմ,
ու չի լինի էլ մեզ բաժանող իմ եսը:
Երբ հասնի Քեզ, այլևս չի ծերանա
ու կլինի սովորական աստվածություն,
որ չի կարոտում, որովհետև ամենուր է,
անկախ ամեն ինչից:
Մինչ շիշը նախընտրում է
իր մահկանացու կախյալությունն
իմ անվան տակ:
***
Ընդմիշտ հեռացողի համար ամենահեշտը
մնացյալի հետ կատարյալ անկեղծությունն է,
մինչ նա լրիվ չնախատեսված կերպով
գերադասում է լուռ մնալ:
Մտքերով ընկած,
այս հերթական քաղաքի փողոցներում դանդաղ ճեմելով`
մեկ-մեկ հասնում եմ էէէ՜է անտաշատի խորքերը...
Ինչպիսի անմարդաբնակ ափեր են քշում ինձ մտքերս,
տեղեր, որ դեռ անուն չունեն,
ուր խելահեղ ժայռերը ճանկռտող ծովի աղի շիթերի մեջ
շնչում եմ իմ ազատության մի ումպ սառը, թարմ օդը:
ՊՈԵԶԻԱԹԵՐԱՊԻԱ
Հիմունքներ
-1-
Պոեզիան
շինարարության 5-րդ հարկից
քո գլխին ընկած քար է:
Բաբախ... ժպիտ... թաթիկով ենք անում...
և ա´ն-պա´յ-մա´ն հրաժեշտից առաջ
օդային համբույր
առանց քեզ շարունակելի աշխարհին:
-2-
Ընդհանուր առմամբ`
մենք այստեղ սովորում ենք ապրել
առաջին և վերջին անգամ:
Եթե չի ստացվում
(սովորաբար չի ստացվում),
նորից ենք փորձում:
Չստացված անգամները
պոեզիա դառնալու շանս ունեն:
-3-
Տեսնում ե՞ս,
մեկը աջ ձեռքը ձախ ծոցագրպանը տարավ
և ուղիղ իր սրտի վրա բռնացրեց ականջս:
Վախեցավ, սփրթնեց, գույնը գցեց ասֆալտին,
բայց հետո, երբ ես հեռացա պոեզիայի հետ,
ինքն էլ լսեց... իր սիրտը:
-4-
Անտաշատում երբեք հրդեհներ չեն լինում:
Երկար-բարակ նստում-սպասում ենք մահվանը,
մինչ մահն ամենից շատ զզվում է իրեն սպասողներից:
Մեռնելու ենթակա սուբյեկտն այստեղ
խոնարհվում է, մամռակալում, փտում,
պատվում ուտելի և թունավոր սնկերով,
իսկ մահը չկա, չկա ու չկա:
Բա´...
Տեսնու՞մ ես` ինչ պայմաններում ենք աշխատում...
-5-
Անտաշատում երկար չես ձգի.
արտասվիր աշխարհի աղմուկը:
Մերկությունը պարտադիր պայման է
սերը (Նրան) վայելելու -
արտասվելուց սկսիր... մերկանալ,
որ պոեզիան մենակ չմրսի
մինչ ժպտալու ժամանակը գա:
------------------------------------
- ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
անտաշատ / ուղեցույց
բերքի տոն
զրո
ագռավաքար
պոեզիաթերապիա
|